Բացել լրահոսը Փակել լրահոսը
վլադիմիր
A A
Քաղաքականություն

Չեմ կարծում, որ կադրային ջարդի նախանշաններ կան․Վլադիմիր Կարապետյանը՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին (տեսանյութ)

Վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը մասնակցում է «Լազարյան ակումբ»-ի 3-րդ հանդիպմանը, որը կրում է «Ռուսաստանի և Հայաստանի ԶԼՄ-ները․անկեղծ զրույց» խորագիրը։

Վարչապետի խոսնակը ներկաներին ողջունեց ռուսերենով, այնուհետև հայերեն խոսեց, նշելով, որ «Լազարյան ակումբը» հայ-ռուսական ակումբ է, և կազմակերպիչներին խնդրեց, որպեսզի Հայաստանում կազմակերպվող միջոցառումը տեղի ունենա «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն, և ապահովեն թե՛ հայերենի, թե՛ ռուսերենի թարգմանությունը։

Ըստ Կարապետյանի՝ որոշ լրատվամիջոցներ աշխատում են ոչ թե լրատվություն տալու համար, այլ կողմնակալ են և կատարում են պատվիրատուների պահանջները։

«Ցավում եմ դրա համար։ Կարծում եմ Կառավարությունը անելիք ունի այն առումով, որ պետք է ավելի ակտիվ խոսի իր գործունեության մասին, և ավելի շատ ներկայացնենք բարեփոխումների այն ընթացքը, որով Հայաստանը շարժվում է՝ չթողնելով լրատվամիջնոցներին հնարավորություն տալ այդ օրակարգից դուրս բաներ ասելու։ Չթողնել ասելով, ես լավ իմաստով եմ ասում, այսինքն՝ ծածկելով լրատվական դաշտը դրական ինֆորմացիայով»,- եզրափակեց նա։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ Կառավարության դեկտեմբերի 12-ի նիստում արված հայտարարությանը, թե ամբողջ պետական համակարգը դիմադրում է հեղափոխությանը, և ինքը ջարդելու է այդ դիմադրությունը, և հարցին, թե կադրային ջարդ կլինի՞, Վլադիմիր Կարապետյանն ասաց․

«Կառավարության ղեկավարը բազմիցս ասել է, որ պետական ծառայողների 95%-ից ավելին մնացել են նախկինից։ Այդ առումով որևէ ջարդ չի եղել և չեմ կարծում, որ ջարդի նախանշաններ կան։ Վարչապետը շատ հստակ իր վերաբերմունքն է հայտնել տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ, և կարծում եմ, որ բոլորս հետևություններ կանենք»։