Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Մեր հաջորդ քայլը պետք է լինի այն, ԱՄՆ նախագահը օգտագործի Ցեղասպանություն եզրույթը. Սուրեն Սարգսյան (տեսանյութ)

ԱՄՆ-ը Սենատի՝ Հայոց ցեղասպանության բանաձի ընդունումը Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Սուրեն Սարգսյանի համար սպասելի է եղել, որովհետև թուրք-ամերիկյան հարաբերությունները վերջին շրջանում ծայրաստիճան լարված էին։

«Կարծում եմ` թուրք-ամերիկյան հարաբերությունների ամենալարված ժամանակահատվածն է, պայմանավորված մի շարք գործոններով՝ թուրք-ռուսական հարաբերությունների խորացմամբ, Սիրիայի վերաբերյալ Թուրքիայի գործողություններով, ինչպես նաև մերձավորարևելյան քաղաքականության տրամաբանության մեջ:

Այս քայլը հասունացած էր, մանավանդ, եթե հաշվի առնենք, որ այս բանաձևի ընդունումից ժամեր առաջ ընդունվեց Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ Սենատի բանաձևը, որը լրացուցիչ դուռ բացեց այս բանաձևի ընդունման համար»,-լրագրողների հետ զրույցում ասաց Սուրեն Սարգսյանը։

Նա ընդգծեց, որ սա օրենք չէ և այն չի գնալու ԱՄՆ նախագահի մոտ, որպեսզի այն վավերացվի և օրենք դառնա։

«Պետք է նաև նշեմ, որ նախագահը պարտավորված չէ օգտագործել Ցեղասպանություն եզրույթը, և սա էլ իր հերթին նշանակում է, ԱՄՆ նախագահի ադմինիստրացիայի հետ հայկական կազմակերպությունները, հայկական համայնքը, Հայաստանի իշխանությունները պետք է մասնակցությունն ունենան, որովհետև այս գործընթացում Հայաստանի իշխանության մասնակցությունը գրեթե զրոյական է եղել։ Մեր քայլերի հաջորդականությունը պետք է լինի այն, որ ԱՄՆ նախագահը, խոսելով այդ մասին, օգտագործի Ցեղասպանություն եզրույթը և նշի, որ թե՛ քաղաքական, թե՛ իրավական առումով Ցեղասպանություն է, որն իրականացվել է հայ ժողովրդի նկատմամբ»,- նշեց նա։

Սուրեն Սարգսյանը նշեց նաև, որ այս հարցում մեծ դեր ունի ամերիկահայ հայտնի աստղ Քիմ Քարդաշյանը։

«Լուրջ աշխատանք է նա կատարել Թվիթերի և Ֆեյսբուքյան գրառումների միջոցով»,- ասաց Սուրեն Սարգսյանը և հավելեց, որ նա մտերիմ հարաբերություններ ունի ԱՄՆ նախագահի վարչակազմի հետ, և դա կարող է օգտակար լինել այն հարցում, որ Դոնալդ Թրամփը օգտագործի Ցեղասպանություն եզրույթը։

Մանրամասները՝ տեսանյութում։