Բացել լրահոսը Փակել լրահոսը
79092924_450918075846608_5664169888910934016_n
A A
Քաղաքականություն

Դատավորները չեն ուզում գլխացավանքի մեջ ընկնել և բացարկ են ներկայացնում․ Վիկտոր Սողոմոնյան (տեսանյութ)

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը մանրասմասներին չի տիրապետում, թե ինչո՞ւ է Ռոբերտ Քոչարյանը գտնվում «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում։ Այս մասին «Լազարյան ակումբ»-ի 3-րդ հանդիպման ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց նա։

«Մանրամասների չեմ տիրապետում տարբեր պատճառներով, նախ այն, որ դրանք անձնական տվյալներ են։ Գիտեմ, որ զգացողությունը լավ է, լուրջ առողջական խնդիրներ չկան։ Օրերի հարց է, կազդուրվելու է և հիվանդանոցից գնա»,- նշեց Վիկտոր Սողոմոնյանը և հավելեց, որ առաջիկայում լրացուցիչ տեղեկություն կտրամադրեն։

Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի դատավոր Մխիթար Պապոյանի՝ իրեն ներկայացված մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանի ինքնաբացարկի միջնորդությունը բավարարելուն՝ Վիկտոր Սողոմոնյանն ասաց, որ դատավորների շրջանում այլևս մարդ չի մնացել, որ չհասկանա սա բացարձակ ապօրինի և ոչ մի հիմք չունեցող կալանավորում է։

«Դրա համար դատավորները չեն ուզում գլխացավանքի մեջ ընկնել և բացարկ են ներկայացնում, որպեսզի այդ գործը չքննեն, որովհետև քննելիս կա՛մ պետք է ընկնես հսկայական ճնշումների տակ և ստիպված լինես կայացնել ապօրինի որոշում, կա՛մ ավելի լավ է չքննես։ Ես չեմ հիշում որևէ դեպք, երբ որևէ գործով 6 կամ 7 դատավոր բացարկ ներկայացնեն, սա աննախադեպ է։ Սա լավագույն ցուցիչն է, թե ինչ վիճակում է Հայաստանի իրավակարգը և ինչ «հրաշալի» դատաիրավական բարեփոխումներ են իրականացնում օրվա իշխանությունները»,- ընդգծեց նա։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 9-ին Վերաքննիչ դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը բավարարեց իրեն ներկայացված մեղադրող դատախազի՝ Գևորգ Բաղդասարյանի ինքնաբացարկի միջնորդությունը։ Նշենք նաև, որ Գևորգ Բաղդասարյանը ինքնաբացարկի միջնորդություն հայտնել էր նախագահող դատավոր Մխիթար Պապոյանին դեկտեմբերի 6-ին, երբ քննվում էր Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների բողոքը ընդդեմ առաջին ատյանի դատարանի որոշման։