Բացել լրահոսը Փակել լրահոսը
175481
A A
Քաղաքականություն

«Փող կա, բայց էդ փողը ծախսելու տեղ ունի․ 2 օր առաջ դպրոցներ էիք ցույց տալիս, որ վերանորոգման կարիք ունեն» (տեսանյութ)

«Պարոն Գորգիսյան ջան, կարելի է մի բան չիմանալ, բայց չարժե հանրապետությունով մեկ ի ցույց դնել չիմանալը։ Ձեզ բացատրվեց, որ կան վարկերի տեսակներ, որոնք ոչ թե նպատակային են օգտագործվում, այլ կոչվում են բյուջատային աջակցության, որի հիմնական նպատակն այն է, որ որևէ կողմ պետություն հանձն է առնում իրականացնել որոշակի գործողություններ և դրա դիմաց ֆինանսական կազմակերպությունը խրախուսող պայմաններով լրացուցիչ միջոցներ է տրամադրում»,- խորհրդարանում 4 վարկային համաձայնագրերի վավերացման մասին հարցերի քննարկման ընթացքում նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը` դիմելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանին։

Իշխող խմբակցության պատգամավորը դիմեց նաև մյուս ընդդիմադիր՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանին։

«Պարոն Մելքումյան, դուք էլ հո տնտեսագետ եք։ Համեմատում եք ընտանիքի հետ, այո՛, ընտանիք է, որն ունի միջոցներ, այո՛, վիճակը շատ լավն է, բիզնեսից գումար է ստանում, բայց իր բիզնեսն ընդլայնելու համար լրացուցիչ միջոցներ են պետք։ Եվ կա մի հարևան, որն ասում է՝ եթե այս կամ այն պարզ բանն անես, ես ցածր տոկոսով քեզ պարտք կտամ։ Պե՞տք է վերցնի, թե՞ ոչ»,- նկատեց Համազասպ Դանիելյանը։

Միքայել Մելքումյանը տեղից արձագանքեց․ «Ոչ, որովհետև ինքը փող ունի»։

Համազասպ Դանիելյանը շարունակեց․ «Ինքը փող ունի, բայց ինքը էդ փողը ծախսելու տեղ ունի, որովհետև 2 օր առաջ դուք եկել դպրոցներ էիք ցույց տալիս, որ վերանորոգման կարիք ունեն»,- հիշեցրեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորը։

Նշենք, որ օրեր առաջ խորհրդարանում Սահմանադրական դատարանի դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու վերաբերյալ նախագծի քննարկման ժամանակ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը նշել էր, թե Հայաստանում կան դպրոցներ, որոնք բարեկարգ վիճակում չեն գտնվում, իսկ իշխանությունը 630 000 000 մլն դրամ է հատկացնում ՍԴ նախագահին և 6 անդամներին, որպեսզի նրանք հրաժարական տան։