Իտալիայի փոխչեմպիոն «Նապոլին» 24 ժամում փոխեց գլխավոր մարզչին
Աջակցիր «Ա1+»-ինԻտալիայի ֆուտբոլի Ա սերիայի անցած առաջնության փոխչեմպիոն «Նապոլին» այսօր թիմի գլխավոր մարզիչ է նշանակել նախկինում հանրահայտ ֆուտբոլիստ Ջենարո Գատուզոյին: Այդ մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը.
Ինչպես տեղեկացնում է աղբյուրը, 41-ամյա մարզիչը կնքել է 1,5 տարվա պայմանագիր, սակայն պայմանով, որ թիմը ընթացիկ մրցաշրջանում պետք է անպայման նվաճի չեմպիոնների լիգայի ուղեգիր, հակառակ դեպքում ակումբի ղեկավարությունը իրավունք ունի ժամանակից շուտ չեղարկելու պայմանագիրը:
Ի դեպ, Ջենարո Գատուզոն այդ պաշտոնում կփոխարինի Կառլո Անչելոտիին, որը երեկ թիմի հետ խոշոր հաղթանակ էր տարել չեմպիոնների լիգայի վերջին խաղում, սակայն այսօր պաշտոնանկ է արվել: «Միլանի» նախկին ֆուտբոլիստն այսօր կայացած մամուլի ասուլիսում ասել է, որ Անչելոտին իր «ֆուտբոլային կնքահայրն է, քանի որ եղել է իր առաջին մարզիչներից մեկը»:
Նշենք, որ «Նապոլին» անհաջող է հանդես գալիս Իտալիայի ընթացիկ առաջնությունում և վերջին յոթ խաղերում չի կարողանում հաղթանակ տանել: Մրցաշարում կայացած 15 տուրից հետո նեապոլցիները զբաղեցնում են 7-րդ տեղը և արդեն 17 միավորով ետ են մնում առաջատար «Ինտերից»: