Բացել լրահոսը Փակել լրահոսը
ռուբեն հայրապետյան
A A
Հասարակություն

Բաց նամակ և հարց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին․ Ռուբեն Հայրապետյան

Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի նախկին պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում բաց նամակով դիմել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին․

Բաց նամակ և հարց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին

Հարգելի՛ պարոն նախարար,
վերջին շրջանում Ձեր հասցեին հնչող մեղադրանքների շարքից մի քանիսն իսկապես անհեթեթ էին, հուսով եմ, որ դրանք աստիճանաբար կդադարեն:
Հրապարակային նամակներ գրելու մեծ սիրահար չեմ. նախընտրում եմ խնդիրը դեմ առ դեմ քննարկել հասցեատիրոջ հետ, սակայն քանի որ առանձին հանդիպելու և իրավիճակը քննարկելու առաջարկիցս հետո արդեն 3 ամիս է՝ չեք արձագանքում, ստիպված եմ դա անում:
Օգոստոսի 21-ին Ձեր հրավերով, սակայն նաև փոխնախարար Գրիշա Թամրազյանի անսպասելի մասնակցությամբ հանդիպման ընթացքում ինձ համար իրական անակնկալ էր, երբ երկուսով միասին ինձ առաջարկեցիք ազատման դիմում գրել և ներկայացրիք ձեր նոր թեկնածուին, ում մասին մամուլը շարունակաբար պնդում էր, որ սերտ կապի մեջ է փոխնախարար Թամրազյանի հետ (տհաճ մանրամասների մեջ չխորանամ, ճիշտ, թե սխալ՝ ձեր խնդիրն է). հրավերից ես ենթադրում էի, որ հանդիպելու էինք առանձին և քննարկեինք տնտեսագիտական համալսարանի բարեփոխումների ընթացքը…
Դիմում գրելու պատճառաբանությունը լսելուց հետո, ինչպես հիշում եք, ես առանց ընդդիմանալու երկուսիդ պարզաբանեցի, որ իմ ատենախոսության տեսական հատվածում առկա բացթողումները, որոնց մասին ինքս եմ հրապարակայնորեն խոսել, նվազագույն խնդիրն է, որ եղել է նախկին կործանված համակարգում, դրանք հետևանք են սխալ ու անորոշ պահանջների, նախևառաջ պահանջները պետք է փոխվեն ու հստակեցվեն, իսկ բուն աշխատանքը սակավաթիվ իրական հետազոտություններից է, որի գիտական նորույթը նաև տպագրվել է ազդեցության գործոնով միջազգային հեղինակավոր ամսագրում: Սակայն, երկուսդ էլ զարմանալիորեն անդրդվելի էիք, իսկ ես, ցավոք, պատրաստակամ էի անգամ նվազագույն խնդրի դեպքում դիմում ներկայացնել, որովհետև այդ պահին իսկապես հավատացել էի, թե դա է պատճառը: Դրանից միայն մի քանի օր հետո անհասկանալի հանձնաժողովը հրապարակեց իր «եզրակացությունը»՝ ապօրինի ձևակերպումներով:
Այժմ արդեն բոլորի համար է ակնհայտ կատարվածը, բայց ես ամեն դեպքում նաև դատարանում կապացուցեմ, որ առանց որևէ իրավական կարգավորման, շահերի բացահայտ բախում ունեցող անդամներով հանձնաժողովի «եզրակացությունը» ապօրինություն էր իմ նկատմամբ:
Սակայն, անկախ այս ամենից…
Բացատրե՛ք, խնդրում եմ, Ձեր անհասկանալի պատճառաբանությունից և դրան հաջորդող հրապարակային հայտարարություններից հետո ինչո՞ւ և ինչպե՞ս է տնտեսագիտական համալսարանը շարունակում ղեկավարել մեկը (անձի հետ խնդիր չունեմ անգամ իմ դեմ նախաձեռնված զավեշտալի քրեական գործից հետո), ում գիտական աշխատանքներում բացահայտվել են համակարգչային «copy paste»-ների բազմաթիվ դեպքեր, այդ թվում՝ կուրսային աշխատանքներից և լրատվական կայքերից, դրանց մի մասը գրեթե ծայրից ծայր է արտատպված, իսկ դոկտորական ատենախոսության մեջ ոչ միայն ամբողջական ենթագլուխներ են արտագրված, այլև մի շարք առաջարկություններ:
Անգամ չեմ հարցնում վերոնշյալ քրեական գործով պաշտոնապես հերքված անհեթեթ մեղադրանքների մասին, որի առնչությամբ կրկին լռեցիք և որևէ գնահատական չտվեցիք:
Եթե տնտեսագիտականի բարեփոխումները չափազանց արմատական էին, ու խնդիր էր դրված՝ ինձնից շուտափույթ ազատվելու, արդյունքների հաստատումից ուղիղ 7 օր առաջ տապալելու դասախոսների մրցույթը, հետ բերելու մրցույթը չհաղթահարած դժգոհող դասախոսներին կամ փոխնախարարի հետ միասին առաջ մղելու ձեր նոր թեկնածուին, ապա հանրությանը և ինձ հայտնե’ք իրական պատճառը, անգամ առանց ներողություն խնդրելու, և ես ձեզ այլևս չեմ անհանգստացնի, կասեմ՝ դուք՝ ձեր նշանակումները… ամեն ինչ օրինաչափ է, միասին վայելե՛ք և ինչ ուզում եք, արե՛ք:
Հակառակ պարագայում՝ ինչպե՞ս կարելի է բոլորին, այդ թվում՝ երկրի ղեկավարին ներկայացնել, թե իբր արժեքների խնդիր է լուծվել:
Գրեթե համոզված եմ, որ վարչապետին ֆիլտրված և ոչ ամբողջական տեղեկատվություն է հասել կատարվածի վերաբերյալ: Լավ գիտեք, որ ես Ձեզնից չեմ խնդրել այդ պաշտոնը: Իսկ այն, ինչ ես առնվազն փորձել եմ անել ու միգուցե այլևս չփորձեմ, հեղափոխության տրամաբանական և իրական շարունակությունն էր կրթության բնագավառում՝ առանց չնչին անձնական շահ հետապնդելու: Խոսքը վերաբերում է մի համակարգի, որի մասին հենց վարչապետն է բազմիցս նշել, որ կործանված է եղել: Եվ հետևաբար՝ առանց արմատական ու ցավոտ փոփոխությունների, դեկորատիվ զարդարումներով էական արդյունք չենք ունենալու:
Հեղափոխության ռեսուրսը հենց այդպես է վատնվում, իսկ հակահեղափոխական ուժերին ակամա հենց Դուք եք սնում նման վարքագծով: Հուսով եմ՝ շատ ուշ չի լինի, երբ հասկանաք։
Միգուցե իմ մեծագույն սխալն այն է, որ ես չափից ավելի սրբորեն և ապաքաղաքական մաքրությամբ եմ ընդունել հեղափոխության գաղափարները, սակայն դրանց այսպիսի հատվածական խեղաթյուրումներն իմ մոտեցումը չեն փոխելու. անձամբ ես չեմ շեղվելու դրանցից:

Հարգանքով՝
տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Հայրապետյան

Հ.Գ.
Ուսանողների և շրջանավարտների ջանքերով մինչև այժմ բացահայտված փաստերին կարող են ծանոթանալ բոլորը, և տառաճանաչ որևէ մեկից այսպիսի արտատպումները կոծկել այլևս անհնար է՝ անկախ այս կամ այն անհասկանալի հանձնաժողովի՝ իրավական ուժ չունեցող հետագա որոշումներից.
https://forqualityeducation.wordpress.com/
Իսկ նույնալեզու արտատպումները նկատելու համար Ձեր կտրուկ հայտարարություններից հետո հարկավոր է ոչ թե ձևական հանձնաժողով, այլ աչք:
Անկեղծորեն պետք է ասեմ, որ անգամ արտագրած առաջարկությունները նախկին համակարգի մեծագույն խնդիրը չեն, եթե ատենախոսությունը գոնե ինքն է գրել:

Հ.Հ.Գ.
Խնդրում եմ նախևառաջ պատասխանել ըստ էության, այնուհետև ազատորեն կարող եք հիպոթետիկ ենթադրություններ անել, թե որ ուժերի հետ եմ մութ գործարքների մեջ: