Բացել լրահոսը Փակել լրահոսը
էթիկայի դիտորդ մարմին
A A
Քաղաքականություն

ԶՄՆ-ների Էթիկայի դիտորդ մարմնի եզրակացությունը՝ կայքերից մեկի հրապարակման վերաբերյալ

ԶԼՄ-ՆԵՐԻ ԷԹԻԿԱՅԻ ԴԻՏՈՐԴ ՄԱՐՄՆԻ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

Ընդդեմ Media.am կայքի՝ «Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստան» կազմակերպության հաղորդակցության պատասխանատու

Եկատերինա Պողոսյանի դիմումի վերաբերյալ

 

Հայաստանի ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնին է դիմել «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան»  (ԲՀՀ) կազմակերպության հաղորդակցության պատասխանատու Եկատերինա Պողոսյանն՝ ընդդեմ Media.am կայքում 2019թ. սեպտեմբերի 11-ին հրապարակված «Ջորջ Սորոս. Ինչպես ստեղծվեց ամենահայտնի դավադրության տեսություններից մեկը» վերտառությամբ հոդվածի (հեղինակ  Կարինե Ղազարյան՝ https://www.media.am/soros-conspiracy-theory-story)։ Ըստ բողոքի՝ հրապարակման մեջ խախտված են «Հայաստանի լրատվամիջոցների և  լրագրողների էթիկական սկզբունքների կանոնագրի» մի քանի պահանջներ, մասնավորապես՝ 1.5 կետով սահմանված պարտավորությունը, «ձգտել, որ հաղորդագրությունները, լուսանկարային, տեսագրված ու ձայնագրված նյութերը համապատասխանեն իրականությանը»ինչպես նաև 5.2. կետը՝ բացառել ատելության խոսքը:

 

 

Ա. ՓԱՍՏԵՐ

 

  1. Media.am կայքում 2019թ. սեպտեմբերի 11-ին հրապարակվել է Կարինե Ղազարյանի «Ջորջ Սորոս. Ինչպես ստեղծվեց ամենահայտնի դավադրության տեսություններից մեկը» հոդվածը, որում հոդվածագիրը բազմակողմանի ներկայացրել է հարձակումները Բաց Հասարակության Հիմնադրամներ-Հայաստանի դեմ, տեղադրելով նաև 2017թ. հուլիսի 12-ին Բուդապեշտի մետրոյում արված լուսանկար (հեղինակ՝ Լիդիա Գալլ): Օրիգինալ լուսանկարը, որը հետագայում վանդալիզմի է ենթարկվել անհայտ անձանց կողմից, ունեցել է մակագրություն`«Մի թող, որ Սորոսը վերջինը ծիծաղի»։
  2. 2019թ. հոկտեմբերի 22-ին ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմինը ստացել է «Բաց հասարակության հիմնադրամներ» Հայաստան կազմակերպության հաղորդակցության պատասխանատու Եկատերինա Պողոսյանի դիմումը, որում նշվում է, որ օգտագործված լուսանկարն առանց մեկնաբանության տեղադրելը հոդվածի ամենասկզբում ապակողմնորոշիչ է և թյուրիմացության մեջ է գցում ընթերցողին, ինչպես նաև որևէ կապ չունի հայաստանյան իրականության հետ։
  3. Քանի որ Media.am-ը ԶԼՄ-ների ինքնակարգավորման նախաձեռնության անդամներից է և ստորագրել է «Հայաստանի լրատվամիջոցների և լրագրողների էթիկական սկզբունքների կանոնագիրը», Դիտորդ մարմինը, առաջնորդվելով իր աշխատակարգով, 2019թ․ հոկտեմբերի 22-ին տեղեկացրել է Media.am-ի պրոդյուսեր Գեղամ Վարդանյանին, որ առաջիկայում քննելու է բողոքը և նշել. «Քննության անաչառությունն ապահովելու համար Դիտորդ մարմինը կցանկանար ստանալ նաև ձեր պարզաբանումները»։
  4. ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմինը դիմել է «Բաց հասարակության հիմնադրամներ» Հայաստան կազմակերպությանը՝ ներկա լինելու այս հարցով 2019թ․հոկտեմբերի 30-ին կայանալիք ԴՄ նիստին։ Սակայն ԲՀՀ-ն հրաժարվել է մասնակցել իր նիստին՝ գերադասելով, որ բողոքը քննարկվի իրենց բացակայությամբ:
  5. 2019թ․ հոկտեմբերի 30-ին Դիտորդ մարմինն ստացել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեն Նունե Սարգսյանի և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի Media.am կայքի խմբագիր Գեղամ Վարդանյանի պատասխանը ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնին ուղղված ԲՀՀ-ի դիմումին։

 

Պատասխանում մասնավորապես նշվում է, որ  «որպես հոդվածի ձեւավորում» օգտագործված լուսանկարը Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի կառավարության  պաստառներից է»։ «Օրիգինալ (...) պաստառը ենթարկվել է վանդալիզմի ու հենց դա էլ Սորոսի կերպարի դեմոնիզացիայի խորհրդանիշ է։ Media.am-ի հոդվածում մենք պատմում ենք Հունգարիայի կառավարության՝ հակասորոսյան պրոպագանդայի  ու Սորոսի կերպարի դեմոնիզացիայի մասին ու հենց այստեղ է ակնհայտ կապը մեր հոդվածի տեքստի ու օգտագործված պատկերի միջև»։

 

Պատասխանում հեղինակները նաև գրում են, որ ըստ դիմումատուի, «լուսանկարը որևէ կապ չունի հայաստանյան իրականության հետ»։ Սակայն «հոդվածի հրապարակման օրերին Սորոսից թշնամու կերպար ստեղծելու նույն պրոպագանդիստական արշավը, որ եղել է Հունգարիայում, ընթանում էր Հայաստանում ու հենց դա է հոդվածի լուսանկարի ուղիղ կապը հայաստանյան իրականության հետ»։ Որպես հոդվածի նպատակ պատասխանողները նշում են նաև Սորոսի միֆի վերաբերյալ օգտակար ու կիրառելի տեղեկություն փոխանցելը։

 

Այնուհետև Նունե Սարգսյանը և Գեղամ Վարդանյանը պնդում են, որ հոդվածի բովանդակությունը կոտրում է դիմումատուի ներկայացրած վարկածը։ «Հոդվածը հենց ատելության խոսքն ու թշնամանքը գիտելիքի օգնությամբ կանխարգելելու նպատակ ունի», նշելով նաև «Համաձայն չենք, որ լուսանկարը՝ սեպտեմբերի այդ օրերին տեղի ունեցող իրադարձությունների  կոնտեքստում ապակողմնորոշիչ է (...)»։ Միևնույն ժամանակ պատասխանի հեղինակները համաձայն են, որ «լուսանկարի մակագրությունը լիովին պարզ կդարձներ դրա օգտագործման անհրաժեշտությունը» և իրենց պատրաստակամությունն են հայտնում՝ քննարկելու լուսանկարին մակագրություն տեղադրելու հարցը:

  1. Ինչպես նշվեց վերևում, «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» կազմակերպության ներկայացուցիչը հրաժարվել է մասնակցել այս հարցով ԴՄ նիստին, իսկ Media.am կայքի խմբագիր Գեղամ Վարդանյանն այդ նիստին հայտնեց, որ ներկայացված պատասխանին ավելացնելու ոչինչ չունի, և համաձայն ԴՄ աշխատակարգի 3-րդ կետի (Դիտորդ մարմնում քվեարկության որոշումներ ընդունելու կարգը) 3.5. ենթակետի (ԴՄ-ում քննարկվող որէև հարցի վերաբերյալ անձնական շահագրգռվածություն կամ շահերի բախում ունեցող ԴՄ անդամը պարտավոր է քննարկումից առաջ այդ մասին տեղեկացնել ԴՄ համակարգողին՝ հրաժարվելով տվյալ նիստին մասնակցելուց), չմասնակցեց քննարկմանը։

 

 

Բ. ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԵՎ ԷԹԻԿԱԿԱՆ ՆՈՐՄԵՐ

 

Ա) ՀՀ քաղաքացիական օրենսգիրք

Հոդված 1087.1. Պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման կարգը և պայմանները

 

  1. Սույն օրենսգրքի իմաստով` վիրավորանքը խոսքի, պատկերի, ձայնի, նշանի կամ այլ միջոցով պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորելու նպատակով կատարված հրապարակային արտահայտությունն է:

Սույն օրենսգրքի իմաստով` հրապարակային արտահայտությունը տվյալ իրավիճակում և իր բովանդակությամբ կարող  է չհամարվել վիրավորանք, եթե այն հիմնված է ստույգ փաստերի վրա (բացառությամբ բնական արատների) կամ պայմանավորված է գերակա հանրային շահով:

 

  1. Եթե վիրավորելիս կամ զրպարտելիս հղում չի կատարվել տեղեկատվության աղբյուրին (հեղինակին), կամ տեղեկատվության աղբյուրը (հեղինակը) հայտնի չէ, կամ լրատվական գործունեություն իրականացնողը, օգտվելով տեղեկատվության աղբյուրը չբացահայտելու իր իրավունքից, չի հայտնում հեղինակի անունը, ապա փոխհատուցման պարտավորությունը կրում է վիրավորանքը կամ զրպարտությունը հրապարակային ներկայացնողը, իսկ եթե այն ներկայացվել է լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, ապա լրատվական գործունեություն իրականացնողը:

 

Բ) «Հեղինակային իրավունքի  և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենք

Գլուխ 2: Հեղինակային իրավունք

Հոդված 3. Հեղինակային իրավունքի օբյեկտները 

1. Հեղինակային իրավունքի օբյեկտ է համարվում գրականության, գիտության  արվեստի բնագավառներում հեղինակի ինքնուրույն կամ այլ հեղինակների հետ իրականացրած ստեղծագործական աշխատանքի յուրօրինակ արդյունքը (այսուհետ` ստեղծագործություն), որն արտահայտված է բանավոր, գրավոր կամ այլ օբյեկտիվ ձով, ներառյալ` մշտապես կամ ժամանակավոր պահպանվող էլեկտրոնային ձը, անկախ ստեղծագործության ծավալից, նշանակությունից, արժանիքներից ու ստեղծման նպատակից։

  1. Հեղինակային իրավունքի օբյեկտներ են՝ 

 

ը) լուսանկարչական և նման եղանակով ստեղծված ստեղծագործությունները, որոնք համապատասխանում են սույն հոդվածի առաջին մասի դրույթներին.

 

Հոդված 22. Ստեղծագործության ազատ օգտագործումը

1. Ազատ օգտագործում է համարվում առանց հեղինակի համաձայնության և վարձատրության, սակայն հեղինակի անվան և ստեղծագործության սկզբնաղբյուրի պարտադիր նշումով, ստեղծագործության օգտագործումը, որը չի հակասում ստեղծագործության բնականոն օգտագործման պահանջներին և չի վնասում ստեղծագործության նկատմամբ հեղինակի օրինական շահերը։ 

 

  1. Ազատ օգտագործմամբ թույլատրվում է՝

 

ե) լուսանկարչության, կինոարվեստի, հեռարձակման միջոցներով ընթացիկ իրադարձությունների մասին հաղորդման նպատակով դրանց ընթացքում տեսած կամ լսած գրական և արվեստի ստեղծագործությունների վերարտադրումը և հրապարակային հաղորդումը՝ տեղեկատվության նպատակն արդարացնող ծավալով.

 

Գ)  «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենք

 

Հոդված 8. Հերքման  պատասխանի իրավունքը

 

  1. Անձն իրավունք ունի լրատվական գործունեություն իրականացնողից պահանջել հերքելու իր իրավունքները խախտող փաստացի անճշտությունները, որոնք տեղ են գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, եթե վերջինս չի ապացուցում, որ այդ փաստերը համապատասխանում են իրականությանը:

 

 

Գ) Հայաստանի լրատվամիջոցների և լրագրողների  Էթիկական սկզբունքների կանոնագիր

 

1 Ճշգրտություն  անկողմնակալություն

 

1.5. ձգտել, որ հաղորդագրությունները, լուսանկարային, տեսագրված ու ձայնագրված նյութերը համապատասխանեն իրականությանը, վերնագրերը բխեն նյութի բովանդակությունից, չչարաշահվեն հանրային դեմքերի և սովորական մարդկանց անձնական տվյալների համընկնումները, մեջբերումները չօգտագործվեն համատեքստից դուրս,

 

  1. Հարգանք զանազան խմբերի ներկայացուցիչների և համամարդկային արժեքների նկատմամբ

 

5.2. որևէ ձևով չքարոզել ազգային, կրոնական թշնամանք և անհանդուրժողականություն, քաղաքական, սոցիալական, սեռական և լեզվական հայտանիշներով խտրականություն, բացառել ատելության խոսքը:

 

  1. Ազնվություն հանրության հետ հարաբերություններում

Այս սկզբունքի պահպանումը նշանակում է, որ խմբագրությունն ու լրագրողը պարտավոր են`

 

62 պատրաստակամ լինել հանդիպելու այն անձանց կամ կազմակերպությունների ներկայացուցիչներին, որոնք իրենց վիրավորված կամ զրպարտված են համարում կոնկրետ հրապարակմամբ,  պատասխանի հնարավորություն ընձեռելու բոլոր նրանց, ում հասցեին քննադատություն կամ մեղադրանքներ են եղել հրապարակումներում,

 

Գ. ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

 

ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմինը՝

 

- ընդունելով Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեն Նունե Սարգսյանի և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի Media.am կայքի խմբագիր Գեղամ Վարդանյանի մեկնաբանությունը, որ հոդվածի բովանդակությունը չի հաստատում բողոքում ներկայացված վարկածը,  և որ հոդվածը հենց ատելության խոսքն ու թշնամանքը գիտելիքի օգնությամբ կանխարգելելու նպատակ ունի,

 

- նկատի առնելով, որ հրապարակման մեջ բացակայում են լուսանկարի հեղինակի անունը, սկզբնաղբյուրի հղումը և համատեքստը, ինչի պատճառով կարող է առաջանալ այն տպավորությունը, որ խնդրո առարկա լուսանկարը հենց Media.am-ի հեղինակածն է,

 

- շեշտելով, որ լուսանկարի հեղինակի անվան կամ սկզբնաղբյուրի հղման բացակայությունը առաջացնում է նաև հեղինակային իրավունքի խնդիր, ինչպես նաև միայն լուսանկարով, առանց տեքստը կարդալու հրապարակման մասին դատող ընթերցողի մոտ այն կարող է նյութի ընկալման առումով շփոթություն առաջացնել,

 

արձանագրում է.

 

  1. Media.am կայքում 2019թ․ սեպտեմբերի 11-ին հրապարակված Կարինե Ղազարյանի «Ջորջ Սորոս. Ինչպես ստեղծվեց ամենահայտնի դավադրության տեսություններից մեկը» հոդվածում առկա են Հայաստանի լրատվամիջոցների և լրագրողների էթիկական սկզբունքների Կանոնագրի պահանջների հետ մի շարք հակասություններ: Այսպես՝

 

  1. «Ջորջ Սորոս. Ինչպես ստեղծվեց ամենահայտնի դավադրության տեսություններից մեկը» վերտառությամբ հոդվածում բազմակողմանի ներկայացվել են հարձակումները «Բաց Հասարակության Հիմնադրամներ-Հայաստանի» դեմ: Միևնույն ժամանակ օգտագործված լուսանկարն առանց մեկնաբանության տեղադրելը հոդվածի ամենասկզբում հակասում է Հայաստանի լրատվամիջոցների լրագրողների էթիկական սկզբունքների կանոնագրի 1.5 կետով սահմանված՝ հաղորդագրությունները, լուսանկարային, տեսագրված ու ձայնագրված նյութերի՝ իրականությանը համապատասխանելու սկզբունքին: Սակայն լուսանկարի այդ կերպ օգտագործումը Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի  իմաստով չի կարող  գնահատվել վիրավորական, քանի որ այս հրապարակմամբ կայքը նպատակ չի ունեցել արատավորելու «ԲՀՀ –Հայաստան» կազմակերպության գործարար համբավը:

 

  1. Այլ հեղինակի կողմից արված լուսանկարը բողոքի առարկա հոդվածում առանց հղման օգտագործելը հակասում է «Հեղինակային իրավունքի հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի հոդված 22-ի՝«Ստեղծագործության ազատ օգտագործումը», դրույթներին։

 

  1. Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի ներկայացուցիչների պատրաստակամությունը՝ քննարկելու լուսանկարին մակագրություն ընտրելու հարցը համապատասխանում է «Հայաստանի լրատվամիջոցների լրագրողների էթիկական սկզբունքների կանոնագրի» 6-րդ կետին՝ Ազնվություն հանրության հետ հարաբերություններում։

 

ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմինը գտնում է, որ տվյալ դեպքում լավագույն լուծումն է՝ փոխադարձ համաձայնությամբ լուսանկարին մակագրություն դնելը և հեղինակին նշելը՝ ի կատարումն սույն եզրակացության։

 

 

 

Ընդունվել է ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնի 2019 թվականի  հոկտեմբերի 30-ի նիստում, Դիտորդ մարմնի հետևյալ կազմով՝

 

Նարինե ԱՎԵՏԻՍՅԱՆ, Վանաձորի «Լոռի» հեռուստաընկերության գործադիր տնօրեն

Շուշան ԴՈՅԴՈՅԱՆ, Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ

Մեսրոպ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, մամուլի փորձագետ

Արա ՂԱԶԱՐՅԱՆ, իրավաբան

Գեղամ ՄԱՆՈՒԿՅԱՆ, «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության տեղեկատվական և հասարակական-քաղաքական հաղորդումների տնօրեն

Աշոտ ՄԵԼԻՔՅԱՆ, Խոսքի ազատության

պաշտպանության կոմիտեի նախագահ

Մեսրոպ ՄՈՎՍԵՍՅԱՆ, «Ա1+» հեռուստաընկերության տնօրեն

Գնել ՆԱԼԲԱՆԴՅԱՆ, «Արմենիա» հեռուստաընկերության «Ժամը»

լրատվական հաղորդման գլխավոր խմբագիր,

«Newmag» ամսագրի գլխավոր խմբագիր

Բորիս ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ, Երևանի մամուլի ակումբի նախագահ

Արա ՇԻՐԻՆՅԱՆ, Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ

Անժելա ՍՏԵՓԱՆՅԱՆ, Արմավիրի «Ալտ» հեռուստաընկերության խմբագիր

Կարինե ՔԱԼԱՆԹԱՐՅԱՆ, «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական ընկերության հանրային կապերի պատասխանատու:

 

ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմինը ձևավորվել է ինքնակարգավորման նախաձեռնությանը միացած լրատվամիջոցների կողմից, որոնք այս պահին թվով 46-ն են: ԴՄ-ն իր եզրակացություններում ղեկավարվում է Հայաստանի լրատվամիջոցների և լրագրողների էթիկական սկզբունքների Կանոնագրով, որն ընդունվել է 2007 թվականի մարտի 10-ին,  վերախմբագրվել՝ ինքնակարգավորման նախաձեռնությանը միացած լրատվամիջոցների 2015 թվականի մայիսի 16-ի ընդհանուր ժողովում: