Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Օրացույց․ 10-ը դեկտեմբերի. Իր տան մուտքի մոտ սպանվում է փոխնախարար Վահրամ Խորխոռունին (տեսանյութ)

1992-ի այս օրերին Հայաստանում շարունակում է վատանալ տնտեսական վիճակը: Դեկտեմբերի 10-ին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն ընդունում է Հայաստանում հավատարմագրված բոլոր օտարերկրյա դիվանագետներին, որպեսզի նրանց ասի, թե ինչքան վատ է դրությունը: «Հայաստանը բանկրոտի չի ենթարկվել եւ խնդրող էլ չէ այս վիճակում,-ասում է նախագահը,- մենք միայն ցանկանում ենք, որ ստանանք մեր արդեն իսկ ամբողջությամբ վճարած էներգառեսուրսները՝ գազը, մազութը, բենզինը»:

Նախագահն օտարերկրյա դիվանագետներին տեղեկացնում է, որ Հայաստանն ամբողջական շրջափակման մեջ է, Բաքուն կարողացել է ճնշել Վրաստանին եւ կասեցնել մեր ստանալիք վառելիքի տեղափոխումը:

1996-ի դեկտեմբերի 10-ին՝ մարդու իրավունքների միջազգային օրը, Հայաստանի Գերագույն դատարանը մահվան է դատապարտում «Դրոյի» գործով անցնող երեք հոգու՝ Արսեն Արծրունուն, Արմենակ Մնջոյանին եւ Արմեն Գրիգորյանին: Եվս 8 հոգի դատապարտվում են 3-ից 15 տարի ազատազրկման: Ամբաստանյալներից մեկը մահացել էր մեկուսարանում դեռեւս նախաքննության ընթացքում: Հիշեցնենք, որ ըստ նախաքննության նյութերի, «Դրո»-ն ահաբեկչական կառույց էր, որը ծրագրում էր պետության դեմ ուղղված հանցագործություններ:

1997-ի դեկտեմբերի 10-ի դրությամբ Հայաստանում հիմնականում խախտվում են Մարդու իրավունքների հռչակագրի 5-րդ եւ 9-րդ կետերը, որոնք վերաբերվում են ապօրինի կալանքներին, կտտանքներին ու բռնություններին: Մարդու իրավունքներն ամենաշատը խախտվում են բանակում եւ Ներքին գործերի մարմիններում: Ըստ իրավապաշտպան Վահան Իշխանյանի, ոստիկանությունում ծեծվում է ամեն 10 կալանվածից 9-ը, իսկ բանակում՝ բոլոր զինվորները:

1997-ի այս օրը Պարույր Հայրիկյանը մարդու իրավունքների պաշտպանության մրցանակ է հանձնում: Մասնակիցների կազմը ներկայացուցչական է: Մրցանակային ֆոնդը ձեւավորվել է Հայրիկյանի գրքերի հոնորարներից: Առաջին մրցանակը՝ 200 հազար դրամ, շնորհվում է լրագրող Մարգարիտա Գրիգորյանին: Կար նաեւ սեւ մրցանակ՝ ամենավատ լրատվամիջոցին կամ լրագրողին: Հաղթում է ազգային հեռուստատեսության «Լրաբեր» ծրագիրը:

1997-ի նույն օրը մի խումբ լրագրողներ հնարավորություն ունեն մտնելու հանրապետական զինվորական հավաքակայան: Այստեղ ստուգվում է զինակոչիկների շնչառական համակարգը, կատարվում պատվաստումներ, պարզում՝ ո՞վ է ամուսնացած, ո՞վ ունի վեներական հիվանդություն։

Ընդդիմությունը նույն օրը հավաքվում է Ազատության հրապարակում «Ոչ մի թիզ հող» կարգախոսի ներքո : Հանրահավաքի նպատակն է ժողովրդի միջոցով ազդել Հայաստանի իշխանությունների վրա, որոնք ադրբեջանցիների փոխարեն, իրենց ժողովրդին են վախեցնում։

1998-ի դեկտեմբերի 9-ի լույս 10-ի գիշերն իր տան մուտքի մոտ սպանվում է պաշտպանության փոխնախարար Վահրամ Խոռխոռունին: Սպանությանն ականատեսներ չեն եղել։ Երկու օր անց Եռաբլուրում հուղարկավորում են սպանված պաշտպանության փոխնախարարին: Քաղաքական ուժերը մտահոգված են գնդապետի սպանությամբ՝ այն երկիրն ուրիշ տեղ է տանում։

2000-ի այս օրը համագումար են հրավիրում քրիստոնեա-դեմոկրատները: Համագումարի ընթացքում տեղի են ունենում զավեշտալի դեպքեր՝ հաշվիչ հանձնաժողովը համագումարի պատվիրակների մեջ է ընդգրկում նաեւ լրագրողներին: Իսկ օրակարգում մոռացել են ընդգրկել հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը:

2006-ի այս օրը ԱԱԾ-ն ձերբակալում է Շուշիի գումարտակի հրամանատար Ժիրայր Սէֆիլյանին: Ինչպես տեղեկացնում են «Ազատագրված տարածքների պաշտպանություն» կազմակերպությունից, նրան մեղադրում են հեղաշրջում կազմակերպելու մեջ եւ սպառնում են արտաքսել երկրից:

ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը 2009-ի դեկտեմբերի 10-ին ընդդիմադիր է Սերժ Սարգսյանի իշխանությանը եւ պայքարում է քաղբանտարկյալների ազատության համար։