Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Կյանքից հեռացել է «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ, ԽՍՀՄ չեմպիոն Սուրեն Մարտիրոսյանը

70 տարեկան հասակում կյանքից հեռացել է «Արարատ-73» լեգենդար թիմի ֆուտբոլիստ, ԽՍՀՄ սպորտի վարպետ Սուրեն Մարտիրոսյանը (լուսանկարում՝ առաջին շարքի աջից առաջինը): Այդ մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Կարիերայի մեծ մասն անցկացրել է Երևանի «Արարատում» (1966-1977թթ.), ԽՍՀՄ առաջնության բարձրագույն խմբում մասնակցել է 141 խաղի, խփել 1 գոլ: ԽՍՀՄ 1973թ չեմպիոն, 1976թ արծաթե մեդալակիր, 1973, 75թթ գավաթակիր։ Մասնակցել է 13 եվրագավաթային խաղի։ 1978-1979թթ. հանդես է եկել Աբովյանի «Կոտայք» թիմում, ապա Ստեփանակերտի «Ղարաբաղում»։ 1987-1989թթ. եղել է Երևանի «Արարատի» մարզիչ։

2013թ. հոկտեմբերի 10-ին հայկական ֆուտբոլի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և ձեռք բերած փայլուն նվաճումների համար պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով։ 2019թ մարտի 18-ին իր 70-ամյակի առթիվ նա պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով, իսկ հունիսին նրան շնորհվել է ՀՖՖ ոսկե հուշամեդալ:

Սուրեն Մարտիրոսյանի հոգեհանգստի արարողությունը կկայանա վաղը՝ դեկտեմբերի 10-ին, ժամը 18:00-ին, Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցում: