Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Սպիտակում տեղի ունեցավ երկրաշարժի զոհերին նվիրված խնկարկումը, բացվեց Քըրք Քըրքորյանի կիսանդրին

1988 թվականի դեկտեմբերի 7-ին ժամը 11 անց 41 րոպե 22,7 վայրկյանին Հայաստանի մոտ 40 տոկոսը ընդգրկող տարածքում տեղի ունեցավ երկրաշարժ, որի էպիկենտրոն Լոռու մարզի Սպիտակ քաղաքի մոտակա Շիրակամուտ (Նալբանդ) գյուղում գրանցվեց 10 բալ ուժգնություն:  
 
Ակնթարթների ընթացքում լրիվ կամ մասնակի ավերվեցին Սպիտակ, Գյումրի (այն ժամանակ՝ Լենինական), Վանաձոր (այն ժամ.՝ Կիրովական), Ստեփանավան քաղաքները, Խորհրդային Հայաստանի Սպիտակի, Գուգարքի, Ախուրյանի, Կալինինոյի, Արագածի, Ստեփանավանի շրջանների հարյուրից ավելի բնակավայրեր։ 
 
Երկրաշարժի հետևանքով  զոհվեց ավելի քան 25 հազար մարդ, մոտ 500 հազարը մնաց անօթևան, հասցված նյութական վնասը գնահատվեց մոտ 10 միլիարդ դոլար։
 
Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, Սպիտակի համայնքապետ Գագիկ Սահակյանը, Կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարար Արայիկ Հարությունյանը, քանդակագործ Լևոն Թոքմաջյանը, Սպիտակի բնակիչները և այլոք մասնակցում են Սպիտակում դեկտեմբերի 7-ին երկրաշարժի զոհերին նվիրված հուշարձանի մոտ անցկացվող խնկարկման արարողությանը։
 
Սպիտակում այսօր բացվեց նաև Լևոն Թոքմաջյանի հեղինակած հայ բարերար, Հայաստանի ազգային հերոս Քըրք Քըրքորյանի կիսանդրին։ Քըրքորյանն իր հիմնած «Լինս» հիմնադրամի միջոցով մեծ աջակցություն է ցուցաբերել աղետից տուժած Հայաստանին։