Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM0133920
A A
Հասարակություն

Որևէ մեկը չի կարող ասել, որ «Ա1+»-ը անարդարացիորեն չի զրկվել լիցենզիայից․ փաստաբան

«Ա1+»-ը պատրաստվում է դատական հայց ներկայացնել ՀՀ կառավարության դեմ՝ 17 տարի առաջ կորցրած իրավունքները վերականգնելու պահանջով։ «Ա1+»-ի փաստաբանական խմբի անդամ Դավիթ Ասատրյանն ասում է՝ որպեսզի ճանաչվի «Ա1+»-ի խախտված իրավունքները, պետք է նախկինում տեղի ունեցած փաստերին տրվի իրավական գնահատական։

Փաստաբանը շեշտում է, որ 2008 թվականին կայացված հայտնի որոշմամբ ՄԻԵԴ-ը արձանագրեց, որ «Ա1+»-ի իրավունքները պարբերաբեր և հետևողական կերպով խախտվել են։ Այդ խախտումները տեղի են ունեցել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի կողմից կայացված մերժումներով։

««Ա1+»-ը տվյալ ժամանակահատվածում ունեցել է հասարակությունում  լայն, ստվար զանգված, որը հետևել է հեռուստաընկերության հեռուստահաղորդումների հեռարձակմանը, հետևել է լուրերին և հեռուստաընկերությունը լայն վստահություն է ունեցել»։

Փաստաբանի խոսքերով՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի կողմից կայացրած որոշումները պատճառաբանված չեն, չունեն որևէ հիմնավորում կամ մեկնաբանություն․

«Մենք փորձեցինք ուսումնասիրել արխիվում, թե այդ ժամանակահատվածում ինչ արձանագրություններ են եղել նիստերի ընթացքում, ի դեպ, այդ փաստաթղթերին հասանելիություն ունեցանք միայն այս ժամանակահատվածում, այդ փաստաթղթերը  ուսումնասիրելով՝ մենք տեսանք, որ որոշումները կայացված են կամայական»։

Ասատրյանը ընդգծում է, որ առկա են հիմքեր պնդելու, որ կայացված որոշումները առոչինչ են, այսինքն՝ կայացման պահից պարունակում են այնպիսի առերևույթ խախտումներ, որոնց հիման վրա կարող են պնդել, որ առկա իրավունքի խախտումը պետք է  ճանաչվի և վերացվի․

«Մենք կարծում ենք, որ այդ իրավունքի պաշտպանությանը դիմելով՝ մենք առաջին հերթին խախտված իրավունքները կհռչակենք ներպետական դատարաններում, որովհետև ինչպես գիտենք 2000-ական թվականներին կայացված խիստ կասկածելի դատական ակտերը ուժի մեջ են»։

Փաստաբանն ընդգծում է նաև, որ ՀՀ-ում չի գտնվի մի մարդ, ով ողջամիտ փաստարկներով կհիմնավորի, որ «Ա1+»-ի իրավունքը սահմանափակվել է օրինական հիմքերով և այն, ինչ տեղի ունեցավ «Ա1+»-ի հետ , պետության ակտիվ գործողությունների հետևանք էր և այդ հետևանքը պետք է հետ բերել։

«Ա1+»-ի փաստաբանական խմբի անդամ Արա Ղազարյանն էլ նշում է, որ ՄԻԵԴ-ում «Ա1+»-ը գործը շահել է Եվրոպական կոնվենցիայի խախտման դիմաց, իսկ Եվրոպական կոնվենցիայով կարգավորվում է առկա խախտումների միայն փոքր հատվածը․

«Մենք ուզում ենք վերականգնել պատմական արդարությունը, և մեր դատարաններից հայցել արդեն ազգային օրենքների  խախտումներով ընդունված վարչական ակտերի արդյունքում «Ա1+»-ի լիցենզիան կորցնելը։ Այսօր որևէ մեկը չի կարող ասել, որ «Ա1+»-ը անարդարացիորեն չի զրկվել լիցենզիայից, բոլորն էլ գիտեն, որ դա այդպես է, խտրականության զոհ է դարձել, բայց մինչև հիմա արդարացի փոխհատուցում չի ստացել»։

Փաստաբանն ընդգծում է, որ նույնիսկ եթե հիմա էլ լիցենզիա տան «Ա1+»-ին, ապա դա արդարացի փոխհատուցում չի լինի, որովհետև նա կրել է մեծ վնասներ, և այսօր իրենց նպատակն է հենց այդ վնասների հետևից գնալ։