Բացել լրահոսը Փակել լրահոսը
konstantin-zatulin-2
A A
Քաղաքականություն

Անզեն աչքով էլ պարզ է՝ Նժդեհի դեմ արշավը նախաձեռնել է Ադրբեջանը․ Զատուլին. Aravot.am

«Լազարյան ակումբի» հիմնադիր, Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը ծավալուն հոդվածով անդրադարձել է վերջերս Ռուսաստանում Գարեգին Նժդեհի դեմ ծավալված արշավին, դրա հետևանքով Նժդեհի հուշատախտակի պղծմանն ու դրա հետևանքներին։ «Ազգամիջյան քաղաքականությունն ու ազգամիջյան հարաբերությունները բազմազգ պետությունում բարդ ու նուրբ հարց են։ Մի ազգի հերոսները միշտ չէ, որ հերոս են նաև մյուսների համար, գրում է Aravot.am-ը։

Հայ քաղաքական և ռազմական գործիչ Գարեգին Նժդեհի հուշատախտակը ներկած արմավիրցի պատգամավոր Ալեքսեյ Վինոգրադովի կասկածելի «սխրանքը» մինչև հիմա հանգիստ չի տալիս նրանց, ովքեր ոչ մի կերպ չեն հասկանում, որ չի կարելի հօգուտ մի կոնյուկտուրայի՝ ինքնադատաստան տեսնել հուշարձանների նկատմամբ, առավել ևս, երբ դա վերաբերում է պատմական գործիչներին, որոնք քո համաքաղաքացիների մի ստվար զանգվածի համար հերոս են։ Չէ՞ որ հայերը մեր համաքաղաքացիներն են, իսկ Հայաստանը՝ Ռուսաստանի միակ պաշտոնական ռազմաքաղաքական դաշնակիցը Հարավային Կովկասում։ Իսկ Արմավիր քաղաքում հայերը կազմում են քաղաքի բնակչության կեսը, և դա երեկ չի եղել, ինչի մասին էլ վկայում է քաղաքի անվանումը»,- նկատում է Զատուլինը։ Հիշատակելով, որ վերջին շրջանում Արևելյան Եվրոպայում նկատվում է խորհրդային հուշարձանների պղծման միտում՝ Զատուլինը հարցադրում է անում, թե այդ դեպքում ինչով են տարբերվում ռուսները լեհերից, ուկրաինացիներից և բալթյան ժողովուրդներից։ Հեղինակը նաև ակնհայտ է համարում այն հանգամանքը, որ Նժդեհի դեմ այս արշավին խառն է Ադրբեջանի մատը։

«Եթե խոսում ենք 1955թ․ մահացած Նժդեհի դեմ ԶԼՄ-ներով տարածվող արշավի մասին, անգամ անզեն աչքով պարզ է դառնում, որ դրա նախաձեռնողն Ադրբեջանի ղեկավարությունն է։ Պարզ է, որ Ադրբեջանի ղեկավարությանը թվում է, թե իրենք միավորներ կհավաքեն իրենց օգտին, եթե փորձեն հրեշի կերպարով ներկայացնել հայերին՝ խաղարկելով Հայաստանում Նժդեհի արձանը կանգնեցնելու խաղաքարտը։ Ակնհայտ է ռուսների և հայերի միջև բախում առաջացնելու ձգտումն այնպիսի զգայուն թեմայի միջոցով, ինչպիսին մեզ համար Հայրենական Մեծ պատերազմն է։ Թեպետ նշեմ, որ մինչ այժմ ոչ մեկի մտքով չի անցել կասկածի տակ դնել պատերազմում խորհրդային հայերի հերոսությունը։ Հայրենական Մեծ պատերազմի ճակատում հայերն ամենամեծ քանակությամբ զոհերն են տվել ՀԽՍՀ ազգաբնակչության քանակի հարաբերակցությամբ»,- գրում է հեղինակը։ «Լազարյան ակումբի» պաշտոնական էջում հոդվածագիրը հրապարակել է Գարեգին Նժդեհի նամակները՝ ուղղված Իոսիֆ Ստալինին և Հայաստանի Առաջին Հանրապետության վերջին վարչապետ Սիմոն Վրացյանին՝ նշելով, որ նամակները Նժդեհը գրել էր խորհրդային բանտից և դրանց ծանոթանալու դեպքում արդեն իսկ կասկածներ են առաջանում պատերազմի տարիներին Գերմանիայի հետ Նժդեհի կապերի միանշանակ մեկնաբանությունների կապակցությամբ։

«Մեր առջև հայ ազգայնական է, որը չի թաքցնում, որ իր կյանքի նպատակը հայ ժողովրդի ցեղասպանությունը կազմակերպած Թուրքիայի դեմ պայքարն է։ Խորհրդային Հայաստանի ճակատագրով մտահոգված՝ Նժդեհը ճակատագրական սխալ է թույլ տալիս՝ փորձելով Գերմանիայից երաշխիքներ ստանալ հայերի համար, եթե Թուրքիան հարձակվի ԽՍՀՄ-ի վրա։ Բայց նա չի մասնակցել վերմախտում հայկական ստորաբաժանումներ ձևավորելու գործին և ԽՍՀՄ-ի դեմ ռազմական գործողություններով իրեն չի պիտակավորել։ Նժդեհի դեմ նման մեղադրանքները սխալ հասցեով են։ Ես ձոն չեմ գրում Նժդեհին և չեմ առաջարկում Ռուսաստանում կանգնեցնել նրա արձանը։ Ես միայն առաջարկում եմ ընդունել Նժդեհի մասին հատուկ կարծիք ունենալու հայերի իրավունքը»,- եզրափակում է հեղինակը։