Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Արյունաբանական կենտրոնում բուժվող հայ երեխաների ցանկությունները տիեզերագնացների միջոցով կթռչեն տիեզերք

«Երազանքներն ավելի արագ են իրականանում, երբ հասնում են տիեզերք և 16 անգամ պտույտ կատարում»,- պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում բուժվող երեխաներին ասացին ռուս տիեզերագնացները:

Նրանք միջազգային «Սկաֆանդր» արտ-նախագծի շրջանակներում այսօր հանդիպեցին քաղցկեղից և արյան այլ հիվանդություններից կենտրոնում բուժվող երեխաների հետ:

Սա թվով 6-րդ «Սկաֆանդր»-ն է: Նախագծի ողջ իմաստն այն է, որ տարբեր երկրներից երեխաները հերթով նկարում են իրենց երազանքները: Հետո դրանցից կարվում է տիեզերագնացի հագուստ (սկաֆանդր), այնուհետև աշխարհի տարբեր ծայրերից երեխաների երազանքները հայտնվում են տիեզերքում:

Իրենց երազանքներն ու ցանկություններն արդեն պատկերել են երեխաներ 6 երկրներից, Հայաստանը 7-րդն է նախատեսվող 17 երկրից: 

Արյունաբանական կենտրոնում երեխաներին օգնեցին պատկերել իրենց ցանկությունները 63-րդ արշավախմբի երկու տիեզերագնացները: Հենց նրանք են երազանքներով սկաֆանդրը հասցնելու միջազգային տիեզերակայան:

«Պարզ է, որ երբ երեխան գտնվում է հիվանդանոցում, նրա առաջին երզանքները տան մասին են: Նրանցից շատերը նկարում են տուն: Երբ երեխաների նկարները հայտնվեն տիեզերքում, և երբ նրանք իրենց աչքերով տեսնեն դա, որոշակի ուժ կզգան իրենց մեջ ու կպայքարեն: Բանն այն է, որ այս հիվանդությունը շատ անհատական զարգացում է ունենում, և հաճախ նույնիսկ բժիշկները չեն կարողանում գտնել, թե հատկապես ինչն է հանդիսանում ոմանց առողջանալու պատճառը: Հենց այդ պատճառով պետք է փնտրել ցանկացած պատճառ, որը կօգնի իրենց: Դա պետք է լինի վառ ու գեղեցիկ մի բան, քանի որ այս հիվանդությունը վախենում է դրական, լավ, ուրախ տրամադրությունից»,- ասում է տիեզերագնաց Անդրեյ Բաբկինը:

Յուրաքանչյուր տարի «Սկաֆանդր»-ն ունենում է հատուկ անուն: Այս տարի այն կկոչվի «Երազող»:

Միջազգային նախագծի կազմակերպիչների խոսքով իրենք նախատեսում են թռիչքն իրականացնել 2020-ի ապրիլին:

 

Աշոտ 5 տարեկան, պատկերել է իր տունը։

Էլեն, 8 տարեկան։ Երազում է դառնալ միսս Հայաստան։

Հրանտ 7 տարկան։ Երազում է թռնել տիեզերք Դավիթ 5 տարեկան։ Երազում է ձյան մասին։