Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՊԵԿ
A A
Հասարակություն

Հարկատուների համար մշակվել են ուղեցույցներ (տեսանյութ)

Հայաստանում գործարարներն այսուհետ կարող են հարկերի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն ստանալ էլեկտրոնային հարթակում։ Նրանց համար մշակվել է ուղեցույց՝ հիմնական հարկատեսակների վերաբերյալ։

ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը նշում է՝ ուղեցույցները կօգնեն հարկատուներին և առաջացած հարցերի դեպքում կտան ավելի պարզ և մանրամասն պարզաբանումներ։ Նշեց, որ իրենք գոհ են կատարած աշխատանքից, սակայն իրական գնահատականը պիտի տա հարկատուն:

«Նշեմ, որ ուղեցույցները կազմված են նաև 2010 թվականի հուլիսի 31-ի դրությամբ գործող օրենսդրության հիման վրա։ Իհարկե, դրանից հետո օրենսդրությունում կատարվել են փոփոխություններ, և հարկ վճարողներին կուզենայի նաև տեղեկացնել, որ հետագայում հարկային օրենսդրության փոփոխություններին զուգահեռ կատարվելու են նաև թարմացումներ ուղեցույցներում»,- ասում է Արթուր Մանուկյանը։

ՀՀ Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը նշում է՝ ուղեցույցերը գալիս են ձևավորելու նոր մշակույթ՝ հարկ վճարող և հարկային մարմիններ հարաբերություններում։

«Սա մի հնարավորություն է, որն օգտագործելով՝ հարկ վճարողները կկարողանան գործել ավելի կանխատեսելի ավելի հարկային միջավայրում, որովհետև գործնական օրինակներով, իրավիճակային լուծումներով ներկայացվում են հարկային օրենսդրության հիմնական կարգավորումները։ Նախատեսում ենք, որ ուղեցույցները կենդանի օրգանիզմի նման պարբերաբար լրամշակվելու են, որովհետև զուգահեռաբար փոփոխություններ են իրականացվում նաև հարկային օրենսդրության մեջ, և շարունակաբար հարստացվելով կդառնան իրապես սեղանի գիրք հարկ վճարողի համար»։

Ուղեցույցները տեղադրված են ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի կայքում։ Դրանք մշակվել են Միացյալ Թագավորության կառավարության  «Լավ կառավարման հիմնադրամի» կողմից ֆինանսավորվող ծրագրի շրջանակներում։ Սա համատեղ աշխատանք է ՀՀ Ֆինանսների նախարարության և Պետական եկամուտների կոմիտեի հետ։