Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM0133606
A A
Քաղաքականություն

Ո՞ր փուլում են «Կուսակցությունների մասին» օրենքի բարեփոխումները

«Կուսակցությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու գործընթացը դեռ շարունակվում է, ամենայն հավանականությամբ՝ նախագիծը պատրաստ կլինի տարեվերջին, իսկ օրենսդիրի օրակարգում կլինի գարնանային նստաշրջանին։

Այս մասին «Կուսակցությունների մասին» օրենքի փոփոխությունների շուրջ քննարկումների ընթացքում ասաց Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, օրենսդրական փոփոխությունների աշխատանքային խմբի համակարգող Համազասպ Դանիելյանը։

Նրա խոսքով՝ այս փոփոխություններն առանցքային քայլ են բիզնեսի և քաղաքականության տարանջատման, բիզնեսի ազդեցությունը քաղաքականության վրա սահմանափակելու, այն կանխատեսելի և թափանցիկ դարձնելու ուղղությամբ։

«Սա շատ կարևոր քայլ է կոռուպցիայի դեմ պայքարի առումով։ Մենք վերանայում ենք ֆինանսավորման հետ կապված մոտեցումները՝ ներառյալ հանրային ֆինանսավորման հետ կապված, ինչպես նաև ֆինանսական հաշվետվողականության, դրա պայմանների, դրա հետ կապված պատժամիջոցների և նաև այդ ֆինանսական հաշվետվությունների նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմնի լիազորությունների հետ կապված»,- ընդգծեց Համազասպ Դանիելյանը։

Օրենսդրական փոփոխությունների աշխատանքային խմբի անդամ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Կարեն Սիմոնյանի դիտարկմամբ՝ խմբակցությունը միտված է «Կուսակցությունների մասին» օրենքում կարգավորում մտցնել՝ կուսակցությունների գրանցման, դրանց կանոնակարգման և ներքին ժողովրդավարության առկա խնդիրների հետ կապված։

«Մենք որոշեցինք, որ այս պահի դրությամբ անհրաժեշտություն կա փոփոխություն կատարել այդ օրենքում, որպեսզի կուսակցություններին հնարավորության տանք դառնալ ինտիտուցիոնալ մարմիններ, որովհետև խորհրդարանական կառավարման համակարգը ենթադրում է, որ պետք է կուսակցությունների վրա հիմնված լինի»,- նկատեց Կարեն Սիմոնյանը և հավելեց, որ «Լուսավոր Հայաստանը» մյուս 2 խմբակցությունների հետ կոնսենսուս ունի։

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»-ի փորձագետ Խաչիկ Հարությունյանի պնդմամբ՝ ապօրինի ֆինանսների մուտքը քաղաքականություն պետք է բացառված լինի։

«Դա կարող է լինել օլիգարխի կողմից քաղաքականության մեջ ֆինանսներ սրսկելու փորձ, դա կարող է լինել այլ երկրի կողմից որևէ կուսակցության օժանդակելու փորձ, բայց ապօրինի ֆինանսների մուտք չպետք է լինի քաղաքականությունում»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։