Բացել լրահոսը Փակել լրահոսը
Vanecyan
A A
Քաղաքականություն

Վանեցյանի չպատասխաններն ավելի կարեւոր էին, քան  պատասխանները

Վանեցյանի չպատասխաններն ավելի կարեւոր էին, քան  պատասխանները

Երեկ հրապարակվեց  Վանեցյանի  հարցազրույցը, որին սպասում էր ամբողջ Հայաստանը։ Անոնսը լավն էր, նախապատմությունը՝ լավը եւ զարգացումները ի նպաստ լավ հարցազրույցի։

Հարցազրույցի առաջին՝ ֆուտբոլային մասին անհնար է չհամաձայնվել։  Խնդիրները խորն են, հին են եւ չունեն րոպեական լուծումներ։ Դա երկարատեւ բարդ ու գրագետ աշխատանք է պահանջում։

 Ինչ վերաբերում է ազգային հավաքականի տղաներին եւ 9:1 հաշվով պարտությանը, ապա այստեղ ամենաքիչ մեղքի բաժինն ունեն հենց ֆուտբոլիստները, որոնց պետք է հանգիստ թողնել: Նրանք չէին այս կեղտոտ ֆուտբոլային եւ մերձֆուտբոլային մթնոլորտի ձեւավորողները, նրանք չէին ֆեյսբուքյան ստատուսներ գրում կառավարության մասին, այլ վարչապետի խորհրդականն էր կոչ անում Մխիթարյանին հեռացնել հավաքականից: Այսքանով ֆուտբոլի մասին: Ինչ վերաբերում է Վանեցյանի հարցազրույցի մյուս հատվածին, ապա այս պահին նրա չտված պատասխաններն ավելի կարեւոր են, քան եթե նա խոսեր, բայց սա միայն հիմա:

Եթե նրա հրաժարականից հետո արված հայտարարությունը մինչ օրս հանրությանը  բավարարում է, ապա Արթուր Վանեցյանի տրամաբանական ժամկետից ավելի լռությունը որեւէ մեկի կողմից չի հասկացվի, իսկ հետո, եթե նա շարունակի լռել, ապա նրա պատասխանները, նրա պարզաբանումներն արդեն այն նշանակությունը եւ կարեւորությունը չեն ունենա:

 Արթուր Վանեցյանը սովորական պաշտոնյա չի եղել: Նա ղեկավարել է ԱԱԾ-ն եւ հրաժարական տվել հայտարարությամբ, որի փակագծերը պետք է անպայման բացի եւ տա հանրությանը եւ քաղաքական շրջանակներին հուզող կարեւոր հարցերի պատասխանները: Հակառակ դեպքում նրան հանրությունը չի հասկանա եւ շատ շուտով կմոռանա: Սա արդեն դադարել է Վանեցյանի խնդիր լինել։ Սա պետության խնդիրն է, այստեղ ապրող միլիոնավոր քաղաքացիների։ Եւ եթե կա անվտանգության խնդիր, եթե կա դրսից ազդեցության խնդիր, եթե կա երկիրը ապակայունացման խնդիր, եթե կա ի վերջո, հասարակական մոլորության խնդիր, ապա դրանց մասին պետք է պարզ խոսել, պետք է փաստարկված խոսել։ Միայն այդ դեպքում հանրության գիտակից հատվածը մի կողմ կդնի բոլոր երկրորդական տարակարծությունները եւ միասնաբար կփակի երկրի աղետի ճանապարհը։

Գեղամ Նազարյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»