Բացել լրահոսը Փակել լրահոսը
76688885_479878782622130_972563630140686336_n
A A
Հասարակություն

Ի՞նչի կհանգեցնի հակաբիոտիկների անհարկի օգտագործումը (տեսանյութ)

Արտադրվող հակաբիոտիկների 50%-ից ավելին  կիրառվում է գյուղատնտեսության ոլորտում, ինչն ավելացնում է հակաբիոտիկների անհարկի օգտագործումը։

Հակաբիոտիկների պատշաճ կիրառմանն ուղղված իրազեկման ծրագրի շրջանակում Առողջապահության նախարարության հակամանրէային դեղերի  ազգային ռազմավարական ծրագրի պատասխանատու Քրիստինա Գյուրջյանը նշեց, որ պայքարում են ոչ թե հակաբիոտիկների դեմ, այլ դրանց արդյունավետությունը պահպանելու համար։

Սննդի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը հիշեցրեց՝ երբ սկսվեց հակաբիոտիկների անհարկի օգտագործումը՝ պրոֆիլակտիկ օգտագործման, կենդանիների աճի խթանման և այլ ոլորտներում օգտագործման համար,  մանրէները, որոնց վրա պետք է ազդեցություն ունենան հակաբիոտիկները,  սկսեցին կայունություն ցուցաբերել հակաբիոտիկների նկատմամբ։

«Ժամանակ է գալու, երբ որ մենք չենք ունենալու մանրէների դեմ պայքարելու համար դեղամիջոցներ։ Եթե հակաբիոտիկները շարունակենք անկանոն օգտագործել,  կունենանք լուրջ խնդիրներ։ Հետագայում մարդկությունը կարող է այսօրվա թեթև հիվանդություններից մահանալ»,- ասաց Գեորգի Ավետիսյանը։

Սննդի անվտանգության տեսչական մարմինը վերահսկողության շրջանակում դիմել է բրազիլացի գործընկերներին, որպեսզի այնտեղից ներմուծվող թռչնի մսի անասնաբուժական փաստաթղթերում պարտադիր նշվի, որ այն աճեցվել է առանց հակաբիոտիկների և հորմոնների։ ՍԱՏՄ-ն բրազիլացի գործընկերներից դեռ պատասխան չի ստացել։

Ըստ Սննդի անվտանգության տեսչական մարմնի ուսումնասիրությունների՝ տեղական շուկայում թռչնի մսում հակաբիոտիկներ և հորմոններ չեն հայտնաբերվել։

«Ունենք խնդիր մեղրի շուկայում։ Մեղր մշակողները մինչև հիմա պրոֆիլակտիկայի համար հակաբիոտիկներ են օգտագործում։ Մեղրի մեջ ունենք հակաբիոտիկների  ցածր տոկոս»,- ընդգծեց նա, բայց և հավելեց՝ քանի որ մարդը քիչ է օգտագործում մեղր, ռիսկը ցածր է։

Կաթի, մսի նմուշառումներ ՍԱՏՄ-ն արդեն վերցրել է, բայց դեռ ուսումանսիրությունը չի ավարտվել։ 2020թ․ փետրվարին նոր կներկայացնեն արդյունքները։ Պտուղ-բանջարեղենի շուկայում՝ ԳՄՕ-ի, պեստիցիդների, նիտրատների առկայությունը պարզելու համար մոնիթորինգ նույնպես կատարվում է, բայց դրա արդյունքները կհրապարակվեն ավելի ուշ՝ 2020թ․առաջին կեսից հետո։

Էկոնոմիկայի նախարարության սննդամթերքի անվտագության բաժնի պետ Աշխեն Շիրվանյանն էլ տեղեկացրեց, որ նախարարությունը «Կերի  անվտանգության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծ է մշակել և  շրջանառության մեջ դրել, այն ապագայում կներկայացվի Կառավարություն։

«Դրանով մենք փորձում ենք կարգավորել կերային հավելումների հասկացությունը։ Նախկինում կերային հավելումը  ներառում էր հակաբիոտիկներ, իսկ նոր ձևակերպմամբ կերային հավելումների մեջ հակաբիոտիկներ ներառված չեն լինելու։ Այն հնարավորություն կտա, որպեսզի հակաբիոտիկները օգտագործվեն ոչ թե որպես կերային հավելում, այլ օգտագործվեն կենդանիների բացառապես բուժման նպատակով»,- ասաց նա։

Նախարարությունը շրջանառության մեջ է դրել նաև Անասնաբուժության մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծ, որով նախատեսում են հակաբիոտիկների դուրս գրումը դարձնել  դեղատոմսով։ Վերահսկման մասին նույնպես մտածել են․ բացվելու են առանձին դեղատներ, իսկ դեղագետներն էլ պետք է պարտադիր մասնագիտական որակում ունենան։