Բացել լրահոսը Փակել լրահոսը
76688900_2390971351120180_7701833224606973952_n
A A
Քաղաքականություն

Որևէ առնչություն ունենալը քրեական հեղինակությունների հետ հեքիաթասության ժանրից է․ Իվետա Տոնոյան (տեսանյութ)

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը դեռ չի քննարկել Կառավարության կողմից հավանություն ստացած Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի վերաբերյալ նախագիծը։ Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը, սակայն, իր անձնական տեսակետը հայտնեց այս նախագծի վերաբերյալ։

«Տարօրինակ է այս հարցի հետ կապված հապճեպությունը։ Չեմ հասկանում, թե որքանով է հասունացած այդ հարցը։ Անհասկանալի է նաև Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հայտրարարությունը, թե այս նախագիծը նպատակի ունի պարզելու դատավորների բարեվարքությունը։ Խիստ անհասկանալի է, թե վաղ կենսաթոշակի անցնելու նախագիծը կարող է դատավորների բարեվարքության հետ կապ ունենալ»,- ասաց Իվետա Տոնոյանը։

Պատգամավորն անդրադարձավ նաև քրեական ենթամշակույթի վերաբերյալ նախագծին, ինչը «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը խոցելի էր անվանել և դեմ էր քվեարկել օրինագծին։ Իսկ ԲՀԿ-ականները հնարավոր է քրեական հեղինակությունների հետ կապ ունե՞ն, Իվետա Տոնոյանը դրան այսպես արձագանքեց. «Որևէ առնչություն այդ աշխարհի հետ, կամ առանձին պատգամավորների մտքերից մեջբերումները դրանք հեքիաթասության ժանրից են, ոչ ավելին»,- ասաց պատգամավորը։

Ինչ վերաբերում է խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանին, որի անունը կապվում է քրեական ենթամշակույթի վերաբերյալ նախագծի հարակից զեկուցող Նազելի Բաղդասարյանին միջնորդավորված ձևով զգուշացումներ տալուն, ապա Իվետա Տոնոյանն ասաց, որ խմբակցությունում այդ թեմայի շուրջ քննարկում չի եղել, որովհետև դրա անհրաժեշտությունը չկար։

 «Վարդան Ղուկասյանը նշել է, որ նման բան տեղի չի ունեցել»,- եզրափակեց Իվետա Տոնոյանը։