Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Շախմատի վետերանների ԱԱ. Ռաֆայել Վահանյանը պարտվեց, իսկ մեր մյուս շախմատիստները հաղթեցին (տեսանյութ)

Բուխարեստում ընթացող շախմատի աշխարհի վետերանների առաջնությունում կայացան 7-րդ տուրի հանդիպումները:

65-ից բարձր տարիքային խմբում հանդես եկող Ռաֆայել Վահանյանը զիջեց առաջատարներից մեկին՝ Կառլոս Գարսիա Պալերմոյին: Մեր շախմատիստը առաջին պարտությունը կրեց մրցաշարում և այժմ 5 միավորով զբաղեցնում է 10–րդ տեղը: Այսօր նա 8-րդ տուրի շրջանակում կհանդիպի բելգիացի միջազգային վարպետ Յան Բուզեի հետ:

50-ից բարձր տարիքային խմբում հանդես եկող մեր շախմատիստներն ընթացիկ տուրում հաղթանակներ տարան: Կարեն Մովսիսյանն ու Արտաշես Մինասյանը վաստակեցին 5-ական միավոր և այժմ զբաղեցնում են համապատասխանաբար 13-րդ և 19-րդ տեղերը: Վլադիմիր Պողոսյանը 4 միավորով ընթանում է 44-րդ հորիզոնականում:

8-րդ տուրում Կարեն Մովսիսյանը կմրցի ռումինացի գրոսմայստեր Բելա Բադեայի հետ, իսկ Արտաշես Մինասյանը՝ լյուքսեմբուրգցի Ֆրեդ Բերենդի հետ: Վլադիմիր Պողոսյանի մրցակիցը գերմանացի Գերհարտ Կոլերն է: