Բացել լրահոսը Փակել լրահոսը
75322558_2411344592454205_7234336986603978752_n
A A
Հասարակություն

Սեյրան Օհանյանի փաստաբանը եւս ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց մեղադրող դատախազին

Ընթանում է Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը։

Նիստի սկզբում Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեջլումյանը ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանին:

Նրա խոսքով՝ նախաքննության ընթացքում նյութեր են թաքցվել, և քննիչը վկանների ցուցմունքները չի կցել գործին: Դրանից հետո, ըստ նրա, որոշումը բողոքարկվել է դատախազին, որը վերահսկել է Պետրոս Պետրոսյանը: Ապացույցները թաքցնելով՝ դատախազը խախտումների վերաբերյալ բողոքը մերժելով՝ թույլ է տվել խախտումներ:

Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ Հայկ Ալումյանը, միանալով Կարեն Մեջլումյանի ներկայացրած ինքնաբացարկի հիմքերին, նշեց.

«Դատախազները պաշտպանում են մեղադրանքը ոչ պատշաճ՝ օրենքներով իրականությունը խեղաթյուրելով: Այդպիսի դատախազը վտանգավոր է դատավարության համար: Երկրորդ փաստարկը այն է, որ մեղադրանքը ներկայացված է այնպես, որ մեղադրող կողմը չհասկանա, թե որտեղից են ծագել»:

Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը, առարկելով միջնորդությանը, նշեց.

«Ինչպես հասկանում եմ, բացարկի հիմքը դատախազի կողմից իրենց պաշտպանյալին ներկայացված ապացույցներ ձեռք չբերելը և թաքցնելն է: Առաջին դեպքում համակարգը հետևյալն է՝ դատախազը վերահսկողություն է ներկայացնում օրինականության վերաբերյալ, որպեսզի այդ ընթացքում թույլ չտրվեն կոպիտ խախտումներ, իսկ այլ փաստարկներ չնշվեցին: Այս շրջանակներում դատախազը, որքան էլ պարտավոր է վերահսկողություն իրականացնի, այնուամենանիվ դատավարության կողմ է, և այս առումով դատախազի վարքագիծը կասկածի տակ դնելը հասկանալի չէ: Եթե մեղադրանք է ներկայացվում նախաքննական նյութերի թաքցման վերաբերյալ, դա ինքնաբացարկի հարց չէ, դա քրեորեն հետապնդելի արարք է, իսկ ես նման տեղեկություն չունեմ, որ նման բան է տեղի ունեցել»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստի ժամանակ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Հովհաննես Խուդոյանը երկու ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց՝ դատավոր Աննա Դանիբեկյանին և գործով մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանին։