Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Մինչև այսօր տերեր չեմ փնտրել, մի բան էլ ես եմ ուրիշներին տեր լինում. Վարդան Ղուկասյան (տեսանյութ)

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը շարունակում է պնդել, որ ինքը միջնորդավորված ձևով չի սպառնացել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանին՝ կապված քրեական ենթամշակույթի վերաբերյալ նախագծի հետ, որի հիմնական զեկուցողը Բաղդասարյանն է:

Վարդան Ղուկասյանը կրկին պնդեց, որ չի ճանաչում Նազելի Բաղդասարյանին, երբ լրագրողները հիշեցրեցին, որ նա տարիներ առաջ հարցազրույց է տվել Բաղդասարյանին, պարոն Ղուկասյանն ասաց, որ չի կարող բոլորին ճանաչել:

«Ինքն ասո՞ւմ է, որ ես իրեն սպառնացել եմ, կամ մենք խոսել ենք: Էդ ստերը, որ տարածում եք, վերջում կզգաք, որ ես այդպիսի բան չեմ արել: Երեխեք, հիմա ձեր նպատակն ի՞նչ է, որ մեզ վարկաբեկեք, խայտառակե՞ք: Ես զարմանում եմ, թե դուք ինչո՞ւ եք հավաքվել, ոնց որ հայ-թուրքական հարցը լինի, ինչո՞ւ եք խառնվում որ: Ձեր տերերին մի բան եմ ասում՝ ինձնից հեռու մնացեք, ես շատ շնորհքով մարդ եմ, հայրենասեր ու հավատացյալ, երկիր սիրող»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Վարդան Ղուկասյանը:

Լրագրողի հարցը, թե իր տերը ՀՀԿ-ն է՞, թե՞ ԲՀԿ-ն, Վարդան Ղուկասյանին դուր չեկավ:

«Իմ տերն Աստված է, իսկ քո տերը հավանական է՝ շատերն են, տղա ջան, ես տեր չունեմ: Ես միակ մարդկանցից մեկն եմ, որ մինչև այսօր տերեր չեմ փնտրել, մի բան էլ ես եմ ուրիշներին տեր լինում, իսկ դու 10 հատ կունենաս»,- դիմելով լրագրողին՝ ասաց Վարդան Ղուկասյանը:

Լրագրողները պատգամավորին հիշեցրեցին, որ օրեր առաջ, երբ ինքը հայտարարեց, որ Գյումրին կրիմինալ քաղաք չէր իր՝ քաղաքապետ լինելու տարիներին, սոցցանցերում օգտատերերը սկսեցին հիշեցնե  «Օազիս» սրճարանում Վարդան Ղուկասյանի կողմից կրակոցները, «Դուետ» սրճարանում սպանության դեպքերը:

««Օազիս» սրճարանում, որ նման բան եք ասում, դուք և ձեր լրատվական կառույցները նմանատիպ զրպարտանքներ ներկայացնելով խայծ եք գցում, հետո պարզում եք, թե ոչ, ես ոչ մի բանի մեջ ներկա չեմ եղել, այդ հարցերով ինձ հետ կապված քրեական գործ չի եղել: «Դուետ» սրճարանի հորեղբոր տղան իմ փեսան է, դրանից հետո ոնց կարող է նմանատիպ բան լինի, էդ դուք եք արել, ձեր տերերն են անում»,- ասաց Վարդան Ղուկասյանը և հավելեց, որ կարող էր այդ հրապարակումների համար լրատվամիջոցներին դատի տալ: Վարդան Ղուկասյանից լրագրողները հետաքրքվեցին նաև իր որդու բանակից ազատվելու պատճառների մասին: Պատգամավորը ներկայացրեց պատճառը, թե ինչո՞ ւ է նա ազատվել բանակից և հավելեց.

«Ի՞նչ եք ընկել ստից բաների հետևից, մենք այնքան մաքուր ենք, որ խնդալս էլ է գալիս»,- ասաց ԲՀԿ-ական պատգամավորը: