Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Եվրո-2020. Շվեյցարիան ու Դանիան միացան 17 հաջողակներին

Ֆուտբոլի 2020թ Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում կայացած 10-րդ տուրի հերթական խաղերն ի հայտ բերին եզրափակիչ փուլի ևս երկու մասնակիցների:

D խմբում Շվեյցարիայի ընտրանին հյուրընկալվելիս 6:1 հաշվով ջախջախեց Ջիբրալթարին, վաստակեց 17 միավոր և զբաղեցրեց 1-ին տեղը: Նրանից մեկ միավորով ետ մնաց Դանիայի ընտրանին, որն Իռլանդիայում ոչ-ոքի խաղաց այդ երկրի ազգային թիմի հետ և նվաճեց այս խմբի երկրորդ ուղեգիրը: Այդպիսով, Շվեյցարիան ու Դանիան միացան այն 17 հաջողակներին, որոնք արդեն նվաճել էին Եվրո-2020-ի եզրափակիչ փուլին մասնակցելու իրավունք:

Մյուս խաղերից կարելի է հիշատակել Իտալիայի գերխոշոր հաղթանակը Հայաստանի հավաքականի նկատմամբ՝ 9:1: Իտալացիները վերջին անգամ մեկ խաղում 9 գոլ խփել էին 1948 թվականին, օլիմպիական խաղերում, ԱՄՆ-ի հավաքականի դարպասը:

Իսպանիայի հավաքականը ընտրական խաղի վերջին խաղում 5:0 հաշվով ջախջախեց Ռումինիային, որը Եվրո-2020-ի կազմակերպիչ երկրներից մեկն է:

Այսօր տեղի կունենան 10-րդ տուրի վերջին հանդիպումները: Եզրափակիչ փուլի 20-րդ ուղեգրի համար կպայքարեն E խմբում հանդես եկող Հունգարիայի, Ուելսի և Սլովակիայի հավաքականները: Հունգարացիներն այս պահին 12 միավորով զբաղեցնում են 2-րդ տեղը: Ուելսն ունի 11 միավոր, իսկ Սլովակիան՝ 10: Երեք թիմերին հաղթանակ է պետք, այդ թվում Հունգարիային, քանի որ եթե վերջինս ոչ-ոքի խաղա Ուելսի հետ, իսկ Սլովակիան հաղթի Ադրբեջանին, ապա 2-րդ տեղը կզբաղեցնեն սլովակցի ֆուտբոլիստները: