Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Իտալիա – Հայաստան՝ 9:1. Տանտերերը ռեկորդ սահմանեցին, հյուրերը՝ հակառեկորդ

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը տխուր նոտայով ավարտեց Եվրոպայի 2020 թվականի առաջնության ընտրարշավը: Մեր ընտրանին Պալերմոյում հանդիպեց Իտալիայի հավաքականի հետ և պարտվեց գերխոշոր 1:9 հաշվով:

Իտալացիները ջախջախման հիմքը դրեցին արդեն առաջին խաղակեսում, երբ 33 րոպեում խփեցին չորս անպատասխան գնդակ: Մեր հավաքականը դրանից ոչ մի դաս չքաղեց և երկրորդ կեսն էլ ավելի խայտառակ ձևով անցկացրեց: Արդյունքում, տանտերերը երկրորդ խաղակեսի 64-րդ րոպեից մինչև 81-րդ րոպեն ընկած ժամանակահատվածում ևս հինգ գոլ խփեցին: Հանդիպման 79-րդ րոպեին Էդգար Բաբայանը հեռահար հարվածով պարզապես թրջեց հաշիվը:

Հայաստանի հավաքականն իր պատմության մեջ կրեց ամենախոշոր հաշվով պարտությունը: Այդպիսով, մոռացության տրվեցին Չիլիի և Վարստանի հավաքականների 0:7 հաշվով կրած ընկերական պարտությունները:

Մեր թիմը վաստակած 10 միավորով իր խմբում զբաղեցրեց նախավերջին՝ 5-րդ տեղը, քանի որ համաքայլ ընթացող Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականը վերջին խաղում հյուրընկալվելիս 3:0 հաշվով հաղթեց Լիխտենշտեյնին և վաստակեց 13 միավոր:

Իտալիայի հավաքականը սահմանեց Եվրոպայի առաջնության ընտրական փուլի ռեկորդ՝ մեկ տարում տանելով 10 անընդմեջ հաղթանակ: