Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Ոստիկանությունը ցրել է ընդդիմության նստացույցը Վրաստանի խորհրդարանի մոտ (տեսանյութ)

Ոստիկանական հատուկ ջոկատը ցրել է ընդդիմության նստացույցը Վրաստանի խորհրդարանի մոտ:

Խորհրդարանի դիմաց տեղակայված բեմահարթակից հնչում էին ցույցի կազմակերպիչների կոչերը՝ չտրվել սադրանքների, հատուկջոկատայինների հետ բախման մեջ չմտնել:

ՆԳՆ-ն կիրառեց արցունքաբեր գազ նաև ջրցան մեքենա:

Արդեն ժամը 17.20-ին ոստիկանությանը հաջողվեց ցրել ցուցարարներին խորհրդարանի բոլոր մուտքերի մոտից։

Խորհրդարանի մուտքերն արդեն բաց են:

Նշենք, որ խորհրդարանի շենքը ցուցարարների կողմից արգելափակված էր շուրջ 24 ժամ: ՆԳՆ-ն զգուշացրել էր հավաքվածներին, որ կես ժամվա ընթացքում կցրի ցույցը:

Հանրահավաքի առաջնորդներն այս պահին հավաքվել են Մարիոթ հյուրանոցում՝ քննարկելու համար հետագա անելիքները։ Լրագրողների հետ զրույցում ընդդիմադիր գործիչ Դավիթ Ուսուփաշվիլին ասել է, որ հույս ունեն՝ միջազգային հանրությունը պատշաճ գնահատական կտա այսօրվա կատարվածին ու կկանգնի Վրաստանի կողքին։

«Ներքին գործերի նախարարությունը խորհրդարանի մոտ տեղի ունեցող ցույցի ցրման ժամանակ, վարչական իրավախախտումների օրենսգրքով նախատեսված խախտումների համար ձերբակալել է 18 մարդու»,- այս մասին ասված է ՆԳՆ-ն տարածած հաղորդագրության մեջ:

Ներքին գործերի նախարարության ոստիկանական ուժերի կողմից ձեռնարկած միջոցառումների արդյունքում, օրենսդիր մարմնի մուտքերը մաքրվել են արհեստականորեն ստեղծված պատնեշներից և խորհրդարանը կարող է աշխատել սովորական ռեժիմով:

«Ներքին գործերի նախարարության ստորաբաժանումները, հասարակական անվտանգության և իրավակարգի պաշտպանության նպատակով մնում են Ռուսթավելիի պողոտայում:

Հիշեցնենք, որ համամասնական ընտրակարգին անցնելու՝ օրինագծի տապալումից հետո Վրաստանի խորհրդարանի մոտ բողոքի շուրջօրյա ակցիաներ են սկսվել, միավորված ընդդիմությունը, որ կազմված է ավելի քան 20 քաղաքական ուժերից, համախմբվել է գործող իշխանության դեմ՝ պահանջելով արտահերթ համամասնական խորհրդարանական ընտրություններ, կառավարության հրաժարական և ժամանակավոր կառավարության ձևավորում, նաև կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերաձևավորում։