Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Տ․ Ավինյանը մասնակցել է «Թվային լուծումներ` միջսահմանային համագործակցության և առևտրի դյուրացման համար» համաժողովին (տեսանյութ)

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մասնակցել է «Թվային լուծումներ` միջսահմանային համագործակցության և առևտրի դյուրացման համար» համաժողովին

Նոյեմբերի 18-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մասնակցել է «Թվային լուծումներ` միջսահմանային համագործակցության և առևտրի դյուրացման համար» տարածաշրջանային համաժողովին: Տիգրան Ավինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, ասել է.

«Հարգելի՛ պարոն Միկուրիա,

Հարգելի՛ հյուրեր,

Տիկնայք և պարոնայք,

Ուրախ եմ ողջունել բոլորիդ «Թվային լուծումներ` միջսահմանային համագործակցության և առևտրի դյուրացման համար» համաժողովին: 

Հաշվի առնելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի սահուն և անխափան աշխատանքի կարևորությունը տնտեսական առաջընթացի գործում` ցանկացած ծրագիր, որն իրականացվում է կառույցում, գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում: Մենք նաև բարձր ենք գնահատում միջազգային կառույցների կողմից հարկային և մաքսային ծառայությունների զարգացման համար տրամադրած աջակցությունը, որոնցից մեկի` Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Աջակցություն միգրացիայի և սահմանային կառավարմանը»  ծրագրի շրջանակներում էլ տեղի է ունենում այսօրվա համաժողովը: 

Առևտրային գործընթացների թվայնացումը և տվյալների թվայնացված փոխանակումը մաքսային մարմինների միջև ժամանակի պահանջն է, ինչի հավուր պատշաճի իրականացումը կհանգեցնի առևտրի դյուրացմանը և հնարավորություն կտա ավելի արդյունավետ կերպով կառավարել առկա սահմանային ռիսկերը: 

Այս առումով, էական է պետական կառույցների, մասնավոր հատվածի, միջազգային կազմակերպությունների և տարածաշրջանային երկրների մաքսային մարմինների միջև սերտ և փոխշահավետ համագործակցությունը: Պատահական չէ, որ այսօրվա համաժողովի մեկնարկը կտրվի ՀՀ ՊԵԿ-ի և Վրաստանի եկամուտների ծառայության և ՀՀ ՊԵԿ-ի և Իրանի մաքսային ծառայության միջև երկկողմ փաստաթղթերի ստորագրմամբ, ինչը գալիս է հավաստելու, որ միջսահմանային համագործակցությունը վերոնշյալ ոլորտում կարող է հանգեցնել տարածաշրջանում դրական փոփոխությունների՝ ծառայելով պետության զարգացմանը և, ինչու ոչ, նաև արտաքին կապերի ամրապնդմանը: 

Հարգելի՛ գործընկերներ,

Հայաստանի կառավարությունը մեծապես խրախուսում է թվայնացման և արդիականացման ուղիով շարժվող պետական մարմինների գործունեությունը: Պետական եկամուտների կոմիտեն այս ուղղությամբ արդեն իսկ արձանագրել է մեծ ձեռքբերումներ, ինչպիսիք են արտաքին առևտրի մեկ պատուհան համակարգը, որն ապահովում է մի շարք մաքսային ընթացակարգերի ավտոմատացում, այլ գերատեսչությունների կողմից տրամադրվող մի շարք թույլատրական փաստաթղթերի ավտոմատացված ստացում, ինչպես նաև այլ երկրների մաքսային մարմինների հետ տեղեկատվության էլեկտրոնային փոխանակման կազմակերպումը։ ՊԵԿ-ը կանգ չի առնում նշված հաջողությունների վրա և արդեն իսկ իրականացնում է հավակնոտ նախագծեր մեքենայացված ուսուցման, մեծ տվյալների վերլուծության և արհեստական բանականության գործիքակազմի ներդրման  ուղղությամբ։ Թվարկված բոլոր քայլերը մեծապես ուղղված են անդրսահմանյան առևտրի թվայնացմանը և քայլ առաջ են դեպի անթուղթ առևտուր։ Կարծում եմ այս երկու օրերի ընթացքում կհասցնեք անդրադառնալ, ծանոթանալ նշված լուծումներին և ավելի խորը վերլուծել դրանք ներկա փորձագիտական հանրության հետ: 

Այսպիսով, ողջունում եմ այս տարածաշրջանային համաժողովը, որն իր շուրջ է համախմբել ոլորտին քաջատեղյակ փորձագետների մի մեծ խումբ: Ակնկալում եմ, որ համաժողովը խթան կհանդիսանա շարունակական փոխօգնության և համագործակցության համար:

Շնորհակալություն»:

Համաժողովի ընթացքում երկկողմ փաստաթղթեր են ստորագրվել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և Վրաստանի ֆինանսների նախարարության, ինչպես նաև ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային ծառայության միջև: