Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Օրացույց. 18-ը նոյեմբերի.Ռոբերտ Նազարյանը պահանջում է սեփական բյուջե (տեսանյութ)

1997-ի այս օրերին Հայաստանի Սոցիալիստական կուսակցությունը հանդես է գալիս իր սեփական թերթով: Կուսակցության նախագահն ասում է, որ սա լինելու է ամենաներքեւում գտնվողների թերթը:

1997-ի նոյեմբերի 18-ին Ազգային Ժողովում տեղի է ունենում իշխող «Հանրապետություն» խմբակցության նիստը, որին պետք է մասնակցի նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Նիստը փակ է:

1997-ի նոյեմբերի 18-ին Ազգային Ժողովի դռնփակ նիստում ներկայացվում է պաշտպանության, ոստիկանության եւ ազգային անվտանգության բյուջեն։ Վազգեն Սարգսյանը գոհ է հաջորդ տարվա պաշտպանական ոլորտի ֆինանսավորումից, նախորդ տարիների համեմատ ֆինանսավորման աճ կա:

Նույն օրը Ազգային Ժողովում լրագրողների հետ շփվելու բացառիկ տրամադրություն ունի Երեւանի քաղաքապետ Վանո Սիրադեղյանը։ Մարդը ոչ մի հարց անպատասխան չի թողնում՝ խոսում է իր հանդեպ ուրիշների վախի, ստվերային ղեկավարման, սեփական տան, նաեւ՝ Ազգային Ժողովի նախագահ դառնալու լուրերի մասին:

Ազգային Ժողովի նախկին նախագահ Բաբկեն Արարքցյանը 1998-ի այս օրը շատ ուրախ կլինի, եթե Քոչարյանի իշխանությունը որոշի քաղաքական գնահատական տալ Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանությանը։ Պարոն Արարքցյանն արդարանալու կարիք չունի:

Երկու իտալական ֆիրմա 1998-ի այս օրերին փորձում են խելքի բերել Չարենցավանի կարի ֆաբրիկան ։ Այս ֆաբրիկան արտադրում է միայն կանացի ներքնազգեստ։ Հումքը կբերվի Իտալիայից։ Արտադրանքը համապատասխանաբար կգնա այդ երկիր։

1999-ի նոյեմբերի 18-ին Հայաստանի Կենտրոնական բանկը եւ 10 առեւտրային բանկեր ստորագրում են մի համաձայնագիր, որով Հայաստանում ստեղծվում է պլաստիկ քարտերով միասնական վճարման համակարգ։ Համաձայնագրով Հայաստանը կմիանա նաեւ միջազգային վճարման համակարգերին։ Ուկրաինայից հետո մենք երկրորդն ենք ԱՊՀ տարածքում, որ անցնում է պլաստիկ քարտերով վճարման համակարգի։ Հայաստանում է ԱՊՀ գործադիր քարտուղար Յուրի Յարովը, որի կարծիքով ԱՊՀ-ն ամենեւին էլ ամորֆ կառույց չէ։ Յարովն, իհարկե, լավ գիտի համագործակցության երկրների դժգոհությունը՝ պայմանավորվածությունները մնում են թղթի վրա։

Գործադիր քարտուղարը Ռոբերտ Քոչարյանին 2000-ի այս օրը ներկայացնում է կառույցի հետագա քայլերը։

Հսկիչ դրամարկղային մեքենաները կրկին կառավարության դուռն են բերել փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչներին։ Այս անգամ այստեղ են տոնավաճառների աշխատողները։ Պատճառն այն է, որ դեկտեմբերի 1-ից ոչ մի կրպակ, ոչ մի խանութ եւ առեւտրային կենտրոն չպետք է մնա առանց ՀԴՄ-ի, կառավարությունը լսում է մի քանիսին։

Նույն օրը Գյումրիում տեղի է ունենում փլուզում։ Զոհեր չկան, սակայն անօթեւան է մնում 67 մարդ։ Նրանց մի մասին տեղ են հատկացնում հիվանդանոցում։ Մյուսները ցանկություն չունեն լքելու իրենց բնակարանները։ Մարզպետը դա թույլ չի տա։

«Երեւանի զարգացման հեռանկարային հիմքեր չկան»,-Սահմանադրական դատարանում ասում է Երեւանի քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը։ Վերջինս իր նախորդի՝ Ալբերտ Բազեյանի պես պահանջում է սեփական բյուջե։ Քաղաքը պահպանելու համար, ըստ նրա, անհրաժեշտ է տարեկան 4 միլիարդ դրամ, մինչդեռ այսօր քաղաքին հատկացվում է հազիվ 1,5 միլիարդ դրամ։

2003-ի այս օրը Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը Տիգրան Նաղդալյանի սպանությունը պատվիրելու մեղադրանքով 15 տարվա ազատազրկման է դատապարտում Վազգեն Սարգսյանի եղբորը՝ Արմեն Սարգսյանին։

2009-ի այս օրերին ամերիկահայ գործարար Վահագն Հովնանյանը մտադիր է Գյումրիում թռչնամսի մշակման եւ արտադրության գործարան կառուցել։ Այստեղ աշխատելու է 18 հոգի։ Քաղաքապետ Վարդան Ղուկասյանը գործարարին հասկացնում է, որ չի փոշմանի։