Բացել լրահոսը Փակել լրահոսը
77007304_466193584101685_3351697876848738304_n
A A
Մշակույթ

Անհատի ու հասարակության պայքարը․ «Մի կյանքի պատմություն»

Սովետական բարքեր, փշրված երազանք, անհատի ու հասարակության հավերժ պայքար․․․ «Մի կյանքի պատմություն» մոնոդրամայի հիմքում սովետական Հայաստանի գյուղերից մեկում ապրող սովորական կնոջ կյանքն է՝ մանկությունից մինչեւ հասուն տարիք։

Հերոսուհին ունի երազանքներ, նպատակներ, սակայն կյանքն իր փորձություններն է պատրաստել նրա համար։ Կհաշտվի՞ նա հասարակության պարտադրած կարծրատիպերին, թե՞ կկարողանա քայլել իր երազանքների հետեւից․․․

Մաչանենց թատրոնի «Մի կյանքի պատմություն» մոնոդրաման ներկայացվեց «ԱրմմոնոPlus» միջազգային թատերական փառատոնի շրջանակներում։

Բեմադրության հեղինակ Արուս Մկրտչյանը նշում է՝ այն գրել է իրական պատմության հիման վրա։ Նպատակն էր ներկայացնել Սովետական Հայաստանը․ պարզապես ներկայացնել՝ առանց գովելու կամ փնովելու։

Մերի Սահակյանը մոնոդրամայում ներկայացնում է կերպարի երեք տարբեր տարիք՝ մանկություն, երիտասարդություն, հասունություն։ Անկախ Հայաստանում ծնված երիտասարդ դերասանուհին մարմնավորել է սովետական ժամանակաշրջանի կնոջ, ասում է՝ սկզբում դժվար է, բայց աշխատելով ռեժիսորի, բեմադրիչի հետ՝ կարողացան հասնել ցանկալի արդյունքի։

«Ավելի դժվար էր տարիքային փոփոխությունները ներկայացնելը»,- ասում է նա։

Մերին ասում է՝ կերպարն անչափ սիրել է․

«Ինձ թվում է՝ մեկ ժամով տեղափոխվում եմ Սովետական միություն, կարծես այն ժամանակում եմ։ Շատ հետաքրքիր էր, շատ հոգեհարազատ է, մեծ աշխատանքի, փորձերի արդյունքում ենք հասել նման արդյունքի»,- ասում է նա։

Մոնոդրամայի ռեժիսոր Գեւորգ Բաբախանյանը նշում է՝ թեպետ ներկայացված է խորհրդային Հայաստանի ժամանակահատվածը, սակայն թեման արդիական է նաեւ այսօր։

«Սա անհատի եւ հասարակության խնդիրն է, որը միշտ եղել է, միշտ լինելու է՝ անկախ ժամանակաշրջանից»,- ասում է նա։

Նշենք, որ Հայ Միասնության Խաչ բարեգործական մշակութային հասարակական կազմակերպության «Մաչանենց» թատրոնը գտնվում է Էջմիածնում,  այստեղ բեմադրվում են կատակերգություններ, դրամաներ, տիկնիկային և ինտերակտիվ ներկայացումներ։