Բացել լրահոսը Փակել լրահոսը
75486101_10162752560105247_1263533551182151680_n
A A
Սպորտ

Եվրո-2020, Հունաստանի հավաքականը հաղթեց Երևանում և առաջ անցավ Հայաստանից

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը Եվրոպայի 2020 թվականի առաջնության ընտրական փուլի 9-րդ տուրի խաղում 0:1 հաշվով պարտվեց Հունաստանի ազգային թիմին:

 

Երևանի «Հանրապետական» մարզադաշտում կայացած հանդիպումն անցավ հույն ֆուտբոլիստների տարածքային առավելությամբ, քանի որ մեր ընտրանին ընտրել էր խորը պաշտպանական մարտավարություն. ետին գծի հինգ խաղացողներին (Հովհաննես Համբարձումյան, Տարոն Ոսկանյան, Հայկ Իշխանյան, Անդրե Կալիսիր, Կամո Հովհաննիսյան) օգնում էին հենակետային երկու կիսապաշտպանները (Արտակ Գրիգորյան, Ռումյան Հովսեփյան), իսկ միակ հարձակվող Ալեքսանդր Կարապետյանին խորքից պետք է առակցեին երկու ենթահարձակվողները (Էրիկ Վարդանյան, Տիգրան Բարսեղյան): Հավաքականի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը խաղից հետո ասաց, որ մարտավարությունը ընտրել է ելնելով ձեռքի տակ եղած ֆուտբոլիստներից:

 

Հունաստանի հավաքականը օգտվելով այդ հանգամանքից հենց սկզբից տիրեց գնդակին և սկսեց մեծ ուժերով գրոհել: Սկզբում հյուրերը չկարողացան օգտագործել գոլային երկու պահեր, սակայն 35-րդ րոպեին հույների խաղացող Դիմիտրիոս Լիմնիոսը կարողացավ ճեղք գտնել մեր հագեցած պաշտպանությունում և գրավեց դարպասը: Առաջին խաղակեսում մեր թիմը միայն մեկ անգամ սպառնալից պահ ստեղծեց, սակայն Հովհաննես Համբարձումյանփոխանցումից հետո Ալեքսանդր Կարապետյանը չկարողացավ դիպուկ հարվածել:

 

Ընդմիջումից հետո Հայաստանի հավաքականն սկսեց ավելի ակտիվ գործել և հաճախակի սպառնալ մրցակցի դարպասին: Հանդիպման 61-րդ րոպեին փոխարինման մտած Արթուր Սարգիսովը նույնիսկ գրավեց դարպասը, սակայն մինչ այդ նա գտնվում էր խաղից դուրս վիճակում:

 

Երկրորդ խաղակեսում Հունաստանի հավաքականը մեծ ուժերով և պաշտպանվում էր, և հարձակվում: Դա զարմանալի չէր, քանի որ թիմը ներկայումս մարզում է հոլանդացի Յոն վանտ Շիպը, որը ցանկանում է, որ իր սաները տոտալ ֆուտբոլ խաղան: Հույները մի քանի վտանգավոր հակագրոհներ ձեռնարկեցին, սակայն մեր դարպասապահ Արամ Հայրապետյանը մի քանի անգամ ետ մեղեց վտանգավոր հարվածները, իսկ մեկ դրվագում հույների ֆուտբոլիստը մոտ տարածությունից չկարողացավ գրավել անպաշտպան դարպասը:

 

Հայաստանի հավաքականը նվազագույն հաշվով պարտությունը կրեց նորանշանակ գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի անդրանիկ խաղում և վերջբականապես դուրս մնաց Եվրո-2020-ի եզրափակիչ ուղեգրի համար պայքարից: Ավելին, մեր ընտրանին 3-րդ տեղը զիջեց հենց Հունաստանի հավաքականին, որն այսօրվա հաղթանակից հետո վաստակեց 11 միավոր և մեկով առաջ անցավ մեր թիմից:

 

Հայաստանի ընտրանին ընտրական վերջին խաղը կանցկացնի նոյեմբերի 18-ին: Այդ օրը մեր ֆուտոլիստներին կհյուրընկալի խմբի ընդգծված առաջատար Իտալիայի հավաքականը: