Բացել լրահոսը Փակել լրահոսը
sport kargapah
A A
Սպորտ

Ինչ է կատարվում հայկական ֆուտբոլում

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում տեղի է ունեցել կարգապահական և էթիկայի կոմիտեի հերթական նիստը։

Կոմիտեի ընդունած որոշումներից պարզվում է, որ առաջին խմբի «Փյունիկ-2» - «Արագած» խաղին հյուրերը նախավարժանքից հետո չեն լքել խաղադաշտը։ «Սևան» - «Վան» հանդիպմանը չեն եղել պահեստային դարպասներ։

Բարձրագույն խմբի «Գանձասար-Կապան» - «Ուրարտու» խաղին մարզադաշտի մուտքերի մոտ չեն իրականացրել երկրպագուների զննումը։ «Նոա» - «Լոռի ՖԱ» հանդիպմանը հրմշտոց է եղել երկու թիմերի պաշտոնյաների միջև։ «Արարատ-Արմենիա» - «Երևան» խաղին գնդակ վերադարձնող երեխաները մարզադաշտ են ժամանել հանդիպումից 7 րոպե առաջ։

Պատանեկան ֆուտբոլում էլ ավելի լուրջ միջադեպեր են գրանցվել։ Մասնավորապես՝  «Լոկոմոտիվ-02» - «Փյունիկ-1-02» հանդիպումից հետո հյուրերի մարզիչը հայհոյել է մրցավարի 2-րդ օգնականին։ Դրանից հետո «Փյունիկ-1-02»-ի ֆուտբոլիստները և նրանց ծնողները հարձակվել են մրցավարների վրա, իսկ թիմի ֆուտբոլիստ Նորայր Ղազարյանը ջրաշշով հարվածել է մրցավարի պարանոցին։

«ԽՄՕՄՄ-Հանքափոր-04» - «Շիրակ-04» հանդիպումը սկսվել է 20 րոպե ուշացումով՝ ոստիկանների և բժշկի բացակայության պատճառով։ «Լոկոմոտիվ-05» - «Գանձասար-Կապան-05» խաղը տեղի չի ունեցել «Լոկոմոտիվ-05» թիմի մարզչի բացակայության պատճառով։  «Լոկոմոտիվ-05» - «Գորիս-05» հանդիպումը չի կայացել հյուրերի թիմի չներկայանալու պատճառով։

ՀՖՖ կարգապահական և էթիկայի կոմիտեն, բնականաբար, պատժել է բոլոր կարգազանց ակումբներին, սակայն այս փաստերը վկայում են այն մասին, որ հայկական ֆուտբոլում դեռ շատ բացթողումներ կան։ Առանց դրանց շտկելու և վերացնելու հնարավոր չէ ունենալ բարձրակարգ, պրոֆեսիոնալ մակարդակի ֆուտբոլ։