Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess amerika
A A
Սպորտ

Winter Chess Classic 2019. Հովհաննես Գաբուզյանը պարտվել է ետնապահին (տեսանյութ)

Ամերիկայի Սենթ Լուիս քաղաքում ընթացող շախմատի Winter Chess Classic 2019 միջազգային մրցաշարում կայացան 5-րդ տուրի պարտիաները:

Ա խմբում հանդես եկող գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը սպիտակներով մրցեց հնդիկ գրոսմայստեր Սետուրամանի հետ, որը 1 միավորով եզրափակում էր մրցաշարային աղյուսակը: Ավաղ, մեր շախմատիստը 46-րդ քայլին կոպտագույն սխալ թույլ տվեց և շուտով ընդունեց իր պարտությունը: Հովհաննես Գաբուզյանը այս սայթաքումից հետո նահանջեց 7-րդ հորիզոնական՝ առաջ թողնելով հենց հնդիկ շախմատիստին:

Մրցաշարային աղյուսակն այժմ գլխավորում են ղազախստանցի Ռինատ Ջումաբաևն ու ամերիկացի Ջեֆերի Քսյոնգը, որոնք վաստակել են 3,5-ական միավոր: Այսօր կայանալիք 6-րդ տուրում Հովհաննես Գաբուզյանը սպիտակներով կհանդիպի ամերիկացի Դանիել Նարոդնիցկու հետ, որն ունի 3 միավոր:

Բ խմբում հանդես եկող մեր շախմատիստ Տիգրան Կ. Հարությունյանը ընթացիկ տուրում ոչ-ոքի խաղաց մրցաշարի առաջատարներից մեկի՝ Ալեքսեյ Սորոկինի հետ: Նա այժմ 2,5 միավորով միայնակ զբաղեցնում է 6-րդ տեղը: Այստեղ աղյուսակը գլխավորում են բելառուսցի Սերգեյ Ազարովն ու ռուսաստանցի Ալեքսեյ Սորոկինը, որոնք ունեն 3,5-ական միավոր: Այսօր նախատեսված 6-րդ տուրում Տիգրան Կ. Հարությունյանը սպիտակներով կհանդիպի ամերիկացի Վուջին Յուի հետ:

 

Հիշեցնենք, որ Winter Chess Classic 2019-ի մրցաշարն անցկացվում է շրջանային մրցակարգով, 9 տուրով: Այն կավարտվի նոյեմբերի 17-ին: Մրցանակային հիմնադրամը 36 հազար դոլար է: