Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+hajastan hunastan
A A
Սպորտ

Հայաստանի հավաքականը պատրաստ է վաղվա խաղին. Աբրահամ Խաշմանյան (տեսանյութ)

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանն այսօր իր առաջին մամուլի ասուլիսը տվեց այդ պաշտոնում: Այն, բնականաբար, նվիրված էր վաղը կայանալիք Հայաստան – Հունաստան Եվրոպայի առաջնության ընտրական խաղին:

«Հավաքականը ներկայումս այնքան էլ երանելի վիճակում չի գտնվում, քանի որ ունենք մեծ թվով կորուստներ: Նման բան պատահում է ֆուտբոլում, ուստի մենք իրավունք չունենք կառչել այդ հարցից, մտածել բացասականի մասին: Երեք օր ենք ունեցել և դրանց ընթացքում փորձել ենք անել առավելագույնը: Կարող եմ ասել, որ ազգային հավաքականը պատրաստ է վաղվա խաղին, ու նպատակը մեկն է՝ քաղել առավելագույնը», - այսպես պատասխանեց գլխավոր մարզիչն առաջին հարցին:

Ապա Աբրահամ Խաշմանյանը անդրադարձավ մեր թիմի մրցակցին՝ Հունաստանի հավաքականին: Նա նշեց, որ լավ ուսումնասիրել են հակառակորդին, որն չնայած վերջերս փոխել է հիմնական կազմը, սակայն ցույց է տալիս կազմակերպված և արդյունավետ ֆուտբոլ:

Գլխավոր մարզիչը ապա նշեց, որ Հենրիխ Մխիթարյանի բացակայության պայմաններում հավաքականի ավագի պարտականությունները կատարելու է պաշտպան Հովհաննես Համբարձումյանը, որը լիդերին հատուկ հատկանիշներ ունի: Իսկ ահա դարպասապահի հարցում թիմի ղեկավարը դեռ չի կողմնորոշվել:

«Ա1+»-ի այն հարցին, թե առաջիկա խաղերում որն է կարևոր գլխավոր մարզչի համար՝ արդյունքը, թե թիմի խաղի որակը, Աբրահամ Խաշմանյանն ասաց:

«Մենք առայժմ խոսում ենք մեկ խաղի մասին: Մեր նպատակը առավելագույնին հասնելն է: Եթե դրա հետ մեկտեղ կարողանանք ցույց տալ լավ խաղ, ապա շատ ավելի լավ կլինի», - պարզաբանեց գլխավոր մարզիչը:

Հիշեցնենք, որ Հայաստան – Հունաստան Եվրոպայի առաջնության ընտրական խաղը տեղի է ունենալու վաղը, նոյեմբերի 15-ին, ժամը 21:00-ին: