Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Գյումրիի ավտոմաքսատունը օրական կսպասարկի 1000-ից ավելի ավտոմեքենա

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն այսօր աշխատանքային հերթական այցն է կատարել Գյումրիում կառուցվող, Հյուսիսային արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի համար նախատեսված տարածք` հետևելու շինարարական աշխատանքների ընթացքին:

Դավիթ Անանյանի տեղեկացմամբ՝ նոյեմբերի 18-ից սկսած Գյումրիիում փուլ առ փուլ շահագործման կհանձնվի ավտոմեքենաների մաքսազերծման գործառույթն իրականացնող կառույցը, որը ողջ ծավալով շահագործվելու պարագայում օրական կսպասարկի 1000-ից ավելի ավտոմեքենա:

 Դավիթ Անանյանն ընդհանուր առմամբ բավարար է գնահատել շինարարական աշխատանքների ընթացքը, որոնք կատարվում են վերանայված գրաֆիկով: Ըստ նրա՝ եղել են բազմաթիվ խնդիրներ, որոնք հաղթահարվել են: ՊԵԿ նախագահը, շրջելով շինհրապարակում, ծանոթացել է կատարված աշխատանքներին և նախանշել առաջիկա անելիքները:

Հիշեցնենք, որ Գյումրիում նախատեսվում է կառուցել ՊԵԿ Հյուսիսային արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոն, որտեղ կտեղակայվի էլեկտրոնային կառավարման համակարգերի և թվային լուծումների վրա հիմնված, ԱՏԳ  մասնակիցների սպասարկման կենտրոն՝ մաքսային գործառնությունները դյուրացնելու,  արդյունավետությունը բարձրացնելու և առավել որակյալ ու ժամանակակից ծառայություններ մատուցելու համար:

 

 

                   ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին