Բացել լրահոսը Փակել լրահոսը
66799
A A
Հասարակություն

Ի՞նչ միջոցառումներ են սպասվում Ամանորին, եւ որքա՞ն գումար կծախսվի

Երեւանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Կառավարությունն այսօր ընդունեց որոշում, որով Ամանորի գլխավոր միջոցառումների անցկացման պարտավորությունը դրվեց Երեւանի քաղաքապետարանի վրա:

Ավելի վաղ գործադիրը որոշում էր կայացրել, ըստ որի, մշակութային միջոցառումներ իրականացնող կազմակերպություններն ու գերատեսչությունները կարող են գնումները կատարել մեկ անձից՝ ելնելով գնման առանձնահատկությունից: Ավելի քան մեկ ամիս շարունակ Երեւանի քաղաքապետարանի հետ կայացած քննարկումների արդյունքում, այսօր կառավարությունը որոշեց ավելացնել Երեւանում կայանալիք տոնական միջոցառումների ծավալը:

Ըստ այդմ, սկսած դեկտեմբերի 21-ից՝ երկրի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությունից, 16 օր շարունակ միջոցառումների շարք է նախատեսվում մայրաքաղաքում. մասնավորապես,

Հանրապետության հրապարակի շատրվանների տարածքում կառուցվելու է հեքիաթային քաղաք,
Երեւանի 2750-ամյակի պուրակում գործելու է Սուրբծննդյան տոնավաճառ (Christmas Market),
Հրապարակում տեղադրվելու է վերգետնյա անցում՝ կամրջակներով, որոնք միացնելու են հրապարակի եզրային «ափերը» կենտրոնական օղակի եւ այնտեղ տեղադրված գլխավոր տոնածառի հետ,
Հյուսիսային պողոտայում տեղադրվելու է կրեատիվ տոնածառերի ցուցադրություն եւ այլն:

Իսկ գլխավոր իրադարձությունը կլինի Նոր տարվա գիշերվա ընթացքում. ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հանրապետության հրապարակում ելույթ կունենա աշխարհահռչակ Գորան Բրեգովիչը՝ իր նվագախմբով:

Գիտեմ, որ հարկատուներին (իսկ լրագրող գործընկերներիս՝ առաջին հերթին) հետաքրքրում է տոնական միջոցառումներին ծախսվելիք գումարի չափը: Ըստ կառավարության որոշման, նախատեսվել է 271,797 հազար դրամ, որը գումարվելու է Երեւանի բյուջեով հատկացված շուրջ 54 միլիոնին: Միջոցառումները կազմակերպելու է չորս ընկերություն, որոնցից երեքը, Կառավարության, Երեւանի քաղաքապետարանի եւ ԿԳՄՍ համատեղ քննարկումների արդյունքում, հետեւյալն են. «ՀԱԷԿ-ի շինարարություն» ՓԲԸ, «Սթեյջ Սթայլ» ՍՊԸ եւ «Ֆակտորի փրոդաքշն» ՍՊԸ: Չորրորդ ընկերությանը կընտրի Երեւանի քաղաքապետարանը:

1-ին լուսանկարում Հանրապետության հրապարակի ձեւավորման էսքիզն է, ամբողջական պրեզենտացիան կներկայացնենք մոտ օրերս»: