Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM0133404
A A
Քաղաքականություն

«Իմ քայլի» պատգամավորները վիճել են խորհրդարանում (տեսանյութ)

Ազգային ժողովում «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանի և խմբակցության պատգամավոր Վարդան Աթաբեկյանի միջև վեճ է տեղի ունեցել, որից հետո նրանք ու խմբակցության մյուս պատգամավորները մտան խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի աշխատասենյակ:

Լրագրողների հետ զրույցում որոշ պատգամավորներ հերքեցին, թե ինչ-որ բան է պատահել՝ նշելով, որ Լիլիթ Մակունցի աշխատասենյակում ընդմիջման վերաբերյալ հարցեր են քննարկել: Լրագրողների հետ զրույցում Հակոբ Սիմիդյանն ասաց, որ լուրջ վեճ չի եղել իր և Վարդան Աթաբեկյանի միջև:

«Ընկերներով մի քիչ բարձր խոսել ենք, ոչ մի ավել բան»,- ընդգծեց նա:

Ըստ պատգամավորի՝ խմբակցության ղեկավարի սենյակում քննարկել են աշխատանքային հարցեր: Նկատենք, որ խմբակցության պատգամավորները ԱԺ նիստերի դահլիճից դուրս գալիս արդեն վիճելիս են եղել:

«Իմ՝ դահլիճից դուրս գալը իմ ընկերոջը ուրիշ բան էր թվացել, հետո պարզվեց, որ դա այդպես չէ: Ուղղակի մի քիչ բարձր տոների մեջ երկու բառ զրուցել ենք, ու ավարտվել է»,- ասաց Հակոբ Սիմիդյանը և հավելեց, որ հրմշտոց և քաշքշուկ չի եղել նրանց միջև:

Հակոբ Սիմիդյանը նաև հերքեց այն, թե վեճի պատճառը եղել է ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանի՝ նույնասեռականների նախագծի վերաբերյալ ելույթը: Վարդան Աթաբեկյանը լրագրողների հետ զրույցում, մեկնաբանելով տեղի ունեցածը, նշեց, թե նորմալ է ամեն ինչ:

«Վիճաբանությունը անձնական է եղել»,- ասաց նա:

Վարդան Աթաբեկյանը նույնպես հերքեց այն, թե վեճի պատճառը եղել է նույնասեռականների վերաբերյալ նախագիծը:

Մանրամասները՝ տեսանյութում: