Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Դուք չէ, որ մեզ պետք է ասեք, թե ով է մեզ իշխանություն տվել. լեզվակռիվ Միրզոյանի և Ուրիխանյանի միջև (տեսանյութ)

Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հերիքնազ Տիգրանյանը խորհրդարանում ներկայացրեց, թե ինչո՞ւ է հանձնաժողովը բացասական եզրակացություն տվել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի՝ Պետական կենսաթոշակների մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին:

Ըստ տիկին Տիգրանյանի՝ նախագծով ամբողջ կենսաթոշակային համակարգում փոփոխություն էր կատարվելու, մինչդեռ գործող կենսաթոշակային համակարգում սկզբունքը բոլորովին այլ է: Այնուհետև Հերիքնազ Տիգրանյանը առավել մանրամասն ներկայացրեց, թե ինչու է նախագիծը մերժվել:

Ելույթ ունենալով՝ Տիգրան Ուրիխանյանն արձագանքեց. «Իմ պաթոսի մասին այստեղ՝ արդեն 3-րդ գումարման ԱԺ-ում, ձեզ հայտնի տարբեր մարդկանց մարմնի տարբեր մասեր հատելու սպառնալիքներով հանդես եկող «հանրաճանաչ գործիչներ» նույնիսկ չեն կարողացել մեկնաբանել, խնդրում եմ կոռեկտություն պահպանել»:

ԲՀԿ-ական պատգամավորը կրկին հիշեցրեց Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին, որ հեղափոխության ժամանակ, անկախ տարիքից ու սեռից, քաղաքացիները իշխանություն են մատուցել նրանց: Արարատ Միրզոյանը, պատասխանելով Տիգրան Ուրիխանյանին, հարկ համարեց նշել, որ շատ լավ հիշում է, թե ովքեր են իրենց իշխանության աղբյուրը՝ նկատի ունենալով քաղաքացիներին:

«Դուք չէ, որ մեզ պետք է այդ մասին հիշեցնեք, «սկուտեղի վրա իշխանություն մատուցել» բառակապակցությունը ինձ թվաց ոչ այդքան ճշմարտությունը ճիշտ արտացոլող»,- ասաց Արարատ Միրզոյանը: