Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess-20
A A
Սպորտ

Մեր շախմատիստները շարունակում են պայքարել աշխարհի Մ-20 չեմպիոնի կոչման համար

Հնդկաստանի Նյու Դելի քաղաքում ավարտին է մոտենում մինչև 20 տարեկան շախմատիստների աշխարհի առաջնությունը:

Այսօր տեղի ունեցած 9-րդ տուրից հետո շախմատիստների մրցաշարում աղյուսակը 7,5 միավորով գլխավորում է ուկրաինացի Եվգենի Շտեմբուլյակը: Նրանից կես միավոր քիչ ունի իսպանացի Միգել Սանտոս Ռուիսը: Ապա հաջորդում են 6 շախմատիստներ, որոնք ունեն 6,5-ական միավոր: Դրանց թվում են Հայաստանի երկու պատվիրակները: Գրոսմայստեր Շանթ Սարգսյանն ընթացիկ տուրում հաղթել է  ռուսաստանցի Սերգեյ Դրիգալովին, իսկ Արամ Հակոբյանը ոչ-ոքի է խաղացել իսրայելցի Օր Բրոնշտեյնի հետ:

Վաղը կայանալիք նախավերջին՝ 10-րդ տուրում, մերոնք հանդես են գալու սպիտակ խաղաքարերով: Արամ Հակոբյանը կհանդիպի հնդիկ գրոսմայստեր Մուրալի Կարտիկեանի հետ, իսկ Շանթ Սարգսյանը կմրցի վերևում հիշատակած Օր Բրոնշտեյնի հետ:

 Աղջիկների մրցաշարում հանդես եկող Մարիամ Ավետիսյանը 9-րդ տուրում հաղթանակ է տարել և վաստակած միավորների քանակը հասցրել է 5,5-ի: Սակայն, նա արդեն դուրս է մնացել չեմպիոնական մրցապայքարից, քանի որ մրցաշարի ավարտից երկու տուր առաջ 2,5 միավորով զիջում է միանձնյա առաջատար Պոլինա Շուվալովային: 10-րդ տուրում Մարիամ Ավետիսյանը սպիտակներով կմրցի չինուհի Ջիներ Ժուի հետ: