Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Խնձորի փառատոն, խնձորի արձան և խնձորի ամենաերկար կարկանդակը Նոր Գեղիում

Կոտայքի մարզի Նոր Գեղի համայնքում այսօր տեղի ունեցավ առաջին «Խնձորի փառատոնը»: Տոնի շրջանակներում համայնքի կենտրոնական հրապարակում տեղադրվեց խորհրդանշական խնձորի բրոնզաձույլ արձանը: Արարողությանը ներկա էին ԱԺ պատգամավորներ, համայնքների ղեկավարներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, այլ հյուրեր:

Նոր Գեղի համայնքի ղեկավար Վարդան Պապյանն իր խոսքում կարևորել է փառատոնը՝ որպես տնտեսական ակտիվությանը, զբոսաշրջային աճին և նոր ներդրումների խթանմանը նպաստող իրադարձություն: Փառատոնին ներկայացված էին խնձորի տարբեր տեսակներ, խնձորից պատրաստված բազմաթիվ ուտեստներ, խմիչքներ և, առաջին անգամ Հայաստանում, պատրաստվել և ներկաներին է հյուրասիրվել մի քանի մետր երկարությամբ խնձորի կարկանդակը: 

Փառատոնի նպատակն էր ներկայացնել Նոր Գեղի համայնքի տնտեսական, մշակութային և զբոսաշրջային ամբողջ ներուժը։ Խնձորի արձանի բացումն էլ առաջին քայլն էր համայնքը՝ որպես խնձորի հայրենիք բրենդավորելու հարցում: Նոր Գեղին խնձորի լայնարձակ այգիներով (մոտ 700 հեկտար) հայտնի համայնք է, որտեղ հատուկ մեթոդով աճեցվում են նաև անվանական խնձորներ, իսկ գյուղատնտեսության մեջ առհասարակ կիրառվում են մշակման նորարար մեթոդներ:

Նախատեսվում է այս միջոցառումը դարձնել ամենամյա՝ հաջորդ տարիներին այն կազմակերպելով հենց խնձորի այգիներում, ներգրավելով ավելի մեծ թվով ներգնա զբոսաշրջիկներ, տուր-ընկերություններ և այլ գործընկերներ: