Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Ռուսաստանը և Լեհաստանը հանդես կգան Եվրո-2020-ում

Ֆուտբոլի Ռուսաստանի և Լեհաստանի հավաքականները կմասնակցեն Եվրոպայի 2020 թվականի առաջնության եզրափակչին:

Դա հայտնի դարձավ ընտրական մրցաշարում կայացած 8-րդ տուրի առաջին հանդիպումներից հետո: Ռուսաստանի հավաքականը հյուրընկալվելիս 5:0 հաշվով ջախջախելով Կիպրոսին, ընտրական I խմբում վերջնականապես ամրապնդվեց 2-րդ հորիզոնականում: Այն առայժմ երեք միավորով ետ է մնում առաջատար Բելգիայից, որը Ղազախստանում տարավ իր 8-րդ անընդմեջ հաղթանակը՝ 2:0:

G խմբի առաջատար Լեհաստանի հավաքականը սեփական դաշտում 2:0 հաշվով առավելության հասավ Հյուսիսային Մակեդոնիայի նկատմամբ, վաստակեց 19 միավոր և անհասանելի դարձավ 3-րդ տեղում գտնվող նույն մակեդոնացիների համար: Երկրորդ ուղեգրին հավակնում է Ավստրիան, որը հերթական խաղում հյուրընկալվելիս 1:0 հաշվով կարևոր հաղթանակ տարավ Սլովենիայի նկատմամբ:

E խմբի առաջատար Խորվաթիան այս տուրում ոչ-ոքի խաղաց Ուելսի հետ՝ 1:1: Աշխարհի փոխչեմպիոններին մնացել է անցկացնել ընդամենը մեկ խաղ, որում անպայման պետք է վաստակել մեկ միավոր: Այստեղ եզրափակիչ ուղեգրի համար շարունակում են պայքարել նաև Հունգարիայի, Սլովակիայի և Ուելսի հավաքականները: