Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM0132099
A A
Հասարակություն

Ճանաչի՛ր Չինաստանը․ ովքե՞ր կարող են մասնակցել նոր մրցույթ-վիկտորինային

Այցելություն Չինաստան, համակարգիչներ, սմարթֆոններ և այլ նվերներ շահելու հնարավորություն՝ մրցույթի արդյունքում։

Մրցույթն իրականացվում է Հայաստանում Չինաստանի դեսպանատան, Երևանում Կոնֆուցիոսի ինստիտուտի և «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից։

Վիկտորինա-մրցույթը, որը կանցկացվի համացանցային տիրույթում, նվիրված է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության 70 ամյակին:

«Հայաստանի և Չինաստանի բարեկամական կապերը դարավոր բնույթ ունեն, դրանք ավելի խորացել են հատկապես 1992 թվականին դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո» ,- նշեց ՀՀ-ում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլուն՝ ընդգծելով, որ մրցույթի նպատակն է հատկապես հայ երիտասարդության շրջանում Չինաստանի մասին գիտելիքների տարածումը․

«Փոխճանաչման դեպքում կլինի նաև փոխըմբռնում, և փոխըմբռնման դեպքում էլ փոխհամակրանք»։

Մրցույթին կարող են մասնակցել 13 տարին լրացած քաղաքացիները՝ գրանցվելով china70.am կայքում ։ Յուրաքանչյուր  մասնակից ունի միայն մեկ անգամ  գրանցվելու հնարավորություն:

«Հաղթելու է ամենակարճ ժամանակում բոլոր հարցերին ճիշտ պատասխանած մասնակիցը» ,- ասաց «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը՝ հիշելով, որ համանուն մրցույթ եղել է նաև 1999 թվականին, սակայն այսօր տեխնոլոգիաները հեշտացնում են մասնակիցների գործը․

«Այնպես ենք արել, որ հարցերը հաղթահարելի լինեն, և հաղթողներ շատ լինեն»:

Կազմակերպիչները նշում են, որ կան դպրոցական մակարդակի և ավելի բարդ հարցեր։

«Հարցերը վերաբերում են տարբեր ոլորտների՝ մշակույթ, սպորտ, տնտեսություն, գրականություն և այլն։ Բոլոր հարցերի պատասխանները մասնակիցները կարող են գտնել համացանցային տիրույթում»,- ասում է Երևանում Կոնֆուցիոսի ինստիտուտի տնօրեն Գոռ Սարգսյանը՝ վերջում հույս հայտնելով, որ Չինաստանում ևս մի օր Հայաստանի մասին կայքեր կլինեն:

Մրցույթի արդյունքները կամփոփվեն 1 ամսից: