Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Սահմանադրական դատարանում ճգնաժամ չի եղել և չկա․ ԼՀԿ-ական պատգամավոր (տեսանյութ)

«Ցավում եմ, որ մեր քաղաքական մեծամասնությունը չի տիրապետում իրավիճակին և չի հասկանում, թե երկրում ի՞նչ է կատարվում»,- այսպես է արձագանքում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը հարցին, թե ի՞նչ հարց է ուզում լուծել «Իմ քայլը» խմբակցությունը՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ գործընթաց սկսելով։

«Փաստացի իրենց 2-րդ ռեյտինգով մարդը դուրս եկավ իշխանությունից և իրենց թիմից, բայց իրենք զբաղված են Սահմանադրական դատարանի շուրջ մտացածին ճգնաժամ լուծելով։ Այդ ճգնաժամը չի եղել և չկա, և ես չեմ հասկանում, թե նրանք ինչ են ուզում լուծել»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։

Այնուամենայնիվ, պատգամավորը կարծում է, որ «Իմ քայլը» խմբակցությունը իրավունք ունի Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ գործընթաց սկսել, բայց այդ իրավունքը պետք է հիմնավորված լինի։

«Սահմանադրությունը սահմանում է, թե կոնկրետ ինչ պարագայում կարող է Ազգային ժողովի որոշում կայացվել, որպեսզի ներկայացվի այդ որոշումը Սահմանադրական դատարանին։ Ընդ որում՝ ՍԴ-ն պետք է որոշում կայացնի՝ հանո՞ւմ է անդամին, թե՞ ոչ։ Որոշումը մեզ տալուն պես՝ մենք գնահատական կտանք, բայց պնդում եմ, որ դա չպետք է լինի քաղաքական որոշում։ Եթե մենք հասնենք այնտեղ, որ քաղաքական դրդապատճառներով պետք է դատավորներ փոխվեն, ուրեմն մենք շատ հեռու կգնանք ժողովրդավարությունից»,- նկատեց նա։