Բացել լրահոսը Փակել լրահոսը
bezoaryan
A A
Հասարակություն

Տեսչական մարմնի աշխատակիցները չեն կարողացել օգնություն ցուցաբերել ոտքը կոտրած Բեզոարյան այծին

2019 թվականի սեպտեմբերի 13-ին ժամը 17:00-ի սահմաններում հաղորդում է ստացվել այն մասին, որ Ս. Հակոբյանը Նորավանքի ճանապարհի աջակողմյան հատվածում, Նորավանքի կամրջից 200-300 մետր հեռավորության վրա հայտնաբերել է թակարդում հայտնված Բեզոարյան այծ:
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Վայոց ձորի տարածքային բաժնի աշխատակիցներն անմիջապես մեկնել են դեպքի վայր, առգրավել թակարդը, սակայն Բեզոարյան այծին չեն հայտնաբերել, քանի որ Հակոբյանը վիրավոր կենդանուն բաց է թողել վայրի բնություն, հետևաբար՝ կենդանուն անասնաբուժական օգնություն չի ցուցաբերվել։
Տեսչական մարմնի աշխատակիցները, WWF–հայաստանյան մասնաճյուղի աշխատակիցների հետ միասին ողջ գիշեր օպերատիվ որոնողական աշխատանքներ են իրականացրել որսագողերին և այլ թակարդներ հայտնաբերելու նպատակով։ Սակայն, չնայած նախնական պայմանավորվածության, Ս. Հակոբյանը Բեզոարյան այծի թակարդն ընկնելու մասին տեղեկատվությունը և լուսանկարները տեղադրել է համացանցում, այդ իսկ պատճառով որսագողերն առայժմ հայտնաբերված չեն։ Նախապատրաստվող նյութերը կփոխանցվեն իրավապահ մարմիններին՝ համապատասխան ընթացք տալու համար։

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ևս մեկ անգամ խնդրում և հորդորում է բնապահպանական իրավախախտումներ արձանագրելիս անհապաղ կապ հաստատել Տեսչական մարմնի տարածքային ստորաբաժանումների հետ (հեռախոսահամարների հղումը՝ ստորև), ինքնուրույն ոչինչ չնախաձեռնել, հետևել աշխատակիցների ցուցումներին, ընձեռել հնարավորություն՝ վնասվածքներ ստացած կենդանիներին մասնագիտական աջակցություն ցուցաբերելու համար»,–ասված է Տեսչական մարմնի գրառման մեջ։