Բացել լրահոսը Փակել լրահոսը
20124129
A A
Հասարակություն

Հրդեհի պատճառով 100 տոննայից ավելի ապրանքից ոչինչ չի փրկվել․ վերջին հույսը կառավարությունն է (տեսանյութ)

Արդեն 4-րդ օրն է չի հաջողվում մարել Երեւանի Արշակունյաց պողոտայում գտնվող «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի  շենքում բռնկված հրդեհը։ Հինգ հարկանի սառնարանային շենքում պահվում է տարբեր գործարարների իրացման ենթակա ապրանքը։ հրդեհը բռնկվել է Օգոստոսի 19-ին՝ ցերեկը։ Կրակը բռնկվել է շենքի ձախակողմյան հատվածում՝ 3-րդ հարկում, որից հետո պատերի միջով թափանցել է 2-րդ, այնուհետև նաև 5-րդ հարկ։ Այս պահին հաջողվել է կրակը մարել ձախակողմյան հատվածում։ Շենքի աջ կողմում, սակայն հրդեհը դեռևս շարունակվում է։

«Հրդեհի մարման աշխատանքները  երկար են տևում, քանի որ սառնարանը հավաքված է բարդ կոնստրուկցիայից, ինչի պատճառով կրակն անսպասելի դուրս է գալիս պատերի միջով։ Վտանգ կա նաև, որ շենքի պատերը կարող են այլևս չդիմանալ ջրի հոսքին և փլվել»,- նշեց  ԱԻ արագ արձագանքման բաժնի արձագանքման խմբի պետի տեղակալ Գուրգեն Ստեփանյանը։

 «Դոլմար» ՍՊԸ-ի սեփականատեր Սարգիս Սուքիասյանի խոսքով՝ ինքը շենքում 100 տոննայից ավելի ապրանք ուներ։ Նրան չի հոջողվել փրկել ոչ մի կգ ։

 «Մեր ապրանքներն այնպիսի տեղում են եղել, որ հնարավոր չէր դուրս հանել։ Մարդիկ կային, որ պատերը ծակելով հաջողեցին մոտ 10 տոկոսը դուրս հանել, բայց ես չկարողացա։ Ոչ ոք մեզ տեր չի կանգնում այստեղ։ Տնօրեններն ասում են՝ մենք բանկրոտ ենք»,- նշում է գործարարը

Տնտեսվարողների խոսքով, ապրանքը հիմնականում ձեռք են բերել վարկերի միջոցով և այժմ հայտնվել են անելանելի իրավիճակում։ Վերջին հույսը Կառավարությունն է։ Աջակցություն են ակնկալում՝ թեկուզ վարկերի սառեցման տեսքով։

ԱԻՆ աշխատակիցների խոսքով՝ աշխատանքներին մասնակցում են ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 12 մարտական հաշվարկ, 5 ավտոսանդուղք, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնից փրկարարական ջոկատը, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբերը, ինչպես նաև Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ խումբը:

 

Ի դեպ, ԱԻՆ-ը պաշտոնապես հայտարարել է, որ Հրշեջ-փրկարարների անձնուրաց աշխատանքի շնորհիվ հաջողվել է կրակի օջախներից դուրս բերել մի քանի հարյուր տոննա տարբեր տեսակի և նշանակության ապրանքներ և բեռներ: