Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Որքա՞ն գումար է անհրաժեշտ՝ ուսումնական տարվան ընդառաջ (տեսանյութ)

Սեպտեմբերի 1-ից առաջ խանութներում եռուզեռ է։ Ուսումնական տարվա մեկնարկին պատրաստվում են ինչպես դպրոցականներն ու ուսանողները, այնպես էլ նրանց ծնողները։

«Ա1+»-ը շրջայց կատարեց խանութներում՝ պարզելու համար, թե որքա՞ն գումար է անհրաժեշտ դպրոցական ծախսերը հոգալու հըամար։

Քաղաքացիները նշում են՝ մեկ երեխային անհրաժեշտ դպրոցական պարագաներով ապահովելու համար անհրաժեշտ է 50 000 դրամ։

«Բնական կաշիով կոշիկներ չենք վաճառում, քանի որ բնական կաշին թանկ է, և ժողովրդի ձեռքը գումար չկա։ Հաճախորդներին շատ հաճախ զիջումներ ենք անում»,- նշում է խանութներից մեկի վաճառողուհին։

Ուսումնական տարվան ընդառաջ՝ խանութներում գրենական պիտույքների տեսականու ընտրությունը մեծ է։ Հնարավոր է ձեռք բերել ինչպես արտասահմանյան, այնպես էլ հայկական արտադրության տետրեր։

Խանութների աշխատակիցները նշում են՝ վերջին տարիներին բնակչության գնողունակությունը նվազել է։

«Նոյյան տապան» գրատան տնօրեն Լուիզա Բերբերյանը նշում է, որ այս տարի, հաշվի առնելով ծնողների պահանջարկը, տետրերի լուսանցքները գծված են լինելու ԿԳ նախարարության պահանջներին համապատասխան։

Նախորդ տարի ԿԳ նախարարը նշել էր, որ դպրոցները չպետք է պարտադրեն աշակերտներին համազգեստ կրել, սակայն շատ դպրոցներում այս ավանդույթը շարունակվում է։

«Այո, պարտադրում են համազգեստ հագնել, մինչև ցրտելը։ Որոշ աշակերտներ բողոքել են, որ ցանկանում են  ազատ հագուստ հագնել, բայց իրենց տնօրինությունը պարտադրեց, որ համազգեստ հագնեն»,- նշում են դպրոցականները։

Մանրամասները՝ տեսանյութում