Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Արմեն Սարգսյանն այցելել է անվանի գրող Հրանտ Մաթևոսյանի «փոքր հայրենիք»՝ Ահնիձոր (տեսանյութ)

Լոռու մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է անվանի արձակագիր Հրանտ Մաթևոսյանի ծննդավայր՝ Ահնիձոր գյուղ: Ի դեպ, Հրանտ Մաթևոսյանի առաջին տպագիր գործը «Ահնիձոր» վերնագրված ակնարկն է եղել, իսկ հարազատ գյուղը այս կամ այն կերպ՝ հերոսների, իրադարձությունների, բառապաշարի ու պատմությունների տեսքով ընկած է Մաթևոսյանի գրական ստեղծագործության հիմքում: Նախագահ Սարգսյանը հյուրընկալվել է Հրանտ Մաթևոսյանի հայրական տանը, որտեղ ներկայումս բնակվում է նրա եղբայրը՝ Համո Մաթևոսյանը: Նախագահ Սարգսյանը գրողի եղբոր և որդու՝ Դավիթ Մաթևոսյանի ուղեկցությամբ շրջել է տանը, Մաթևոսյանի հեռակա մասնակցությամբ սեղան նստել ու հաց կիսել գրողի հարազատների հետ: Զրույցի ընթացքում Արմեն Սարգսյանն ու Մաթևոսյանները հետաքրքիր պատմություններ են հիշել Հրանտ Մաթևոսյանի կյանքից, ուշագրավ դրվագներ պատմել, անդրադարձել նրա ստեղծագործություններին։ Նախագահը նշել է, որ իր համար մեծ պատիվ է լինել այն օջախում, որտեղ հանճար է ծնվել, և որտեղից հոգևոր սնունդ են ստացել Հրանտ Մաթևոսյանի ստեղծագործությունները: «Երբ այստեղ ես, շատ բնական է թվում, որ մաթևոսյանական հասկացողության ու մարդկայնության ոգին պետք է ծնվեր հենց այստեղ՝ այս բնության մեջ, այս ազատության մեջ, հանգստության ու նաև՝ անհանգստության մեջ»,-ընդգծել է նա։ Հանրապետության նախագահը, բարձր գնահատելով Հրանտ Մաթևոսյանի գործերը, ասել է, որ դրանք այսօր էլ արդիական հնչողություն ունեն։ Դավիթ Մաթևոսյանը, ով «Հրանտ Մաթևոսյան» հիմնադրամի տնօրենն է, ներկայացրել է հիմնադրամի գործունեությունը: Կարևորելով մեծ գրողի թողած գրական ժառանգության վերաիմաստավորումը և նշելով, որ 2020 թվականին լրանում է Հրանտ Մաթեւոսյանի 85-ամյակը՝ նա անդրադարձել է նաև Երևանում գտնվող «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոն-թանգարանի խնդիրներին: Դավիթ Մաթևոսյանը կարևոր է համարել, որ Հրանտ Մաթևոսյանի կյանքը, գրականությունն ու արվեստն ըստ արժանվույն ներկայացվեն հասարակությանն ու ընթերցողներին: Ի հիշատակ Հանրապետության նախագահի այցի՝ Հրանտ Մաթևոսյանի եղբայրը Արմեն Սարգսյանին է նվիրել գրողի երկհատորյակը։ Նախագահ Սարգսյանն ասել է, որ Մաթևոսյանի այդ գիրքն արժանի տեղը կգտնի իր գրադարանում՝ Մաթևոսյանի մյուս ժողովածուների կողքին: Արմեն Սարգսյանն ասել է, որ ոգևորված ու հարստացած է հեռանում Մաթևոսյանների օջախից՝ իր հետ տանելով հաճելի հիշողություն և մի հրաշալի կտոր մաթևոսյանական աշխարհից: