Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Ինչպես լուծվեց Իջեւանի խնդիրը.մանրամասներ է հաղորդում Տավուշի մարզպետը (տեսանյութ)

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է, որ մարդիկ երկար տարիներ անօրինական ճանապարհով փայտահատումներ են իրականացրել ու դրանց արդյունքում բիզնես են ստեղծել.

«Նրանց մոտ ստեղծվել էր կարծիք, որ այսօր էլ, թողտվության պայմաններում, կարող են շարունակել իրենց անօրինական բիզնեսը: Մեր մոտեցումը միանշակ էր և անդրդվելի` անօրինական որևէ արարք Հայաստանի Հանրապետությունը չի կարող թույլ տալ: Ոչ մի զիջում անօրինականությանը։

Որևէ անօրինական պահանջ չի կատարվել: Մեր միակ պահանջն այն էր, որն իրականացրել ենք՝ դա համահարթեցված գնի սահմանումն է քամատապալ ծառերի համար, և ես ինքն էլ այսօր հայտարարեցի, որ վաղվանից սկսած Արծվաբերդի անտառտնտեսությունը պատրաստ է քամատապալ 1 խմ-ը 6000 դրամով տրամադրել մարդկանց: Ամեն ինչ կանենք, որպեսզի այդ ընթացակարգերը կրկին պարզեցնենք:

Վաղվանից կառաջարկենք մարզի տարբեր ծրագրերում առկա աշխատատեղերի վերաբերյալ համապատասխան հարցազրույցներ և պատրաստ ենք այդ աշխատատեղերի մասով պայմանագրեր կնքել այն մարդկանց հետ, որոնք անօրինական անտառհատման արգելանքի պատճառով այսօր աշխատանքային խնդիրներ ունեն, սակայն իրենք ևս պետք է պատրաստակամ լինեն:

Այսօրվա օրը դաս էր մեզ համար: Հասկացանք, որ մենք մեր տնտեսության մեջ ավելի ուշադիր լինելու և մեր ընթացակարգերը պարզեցնելու խնդիր ունենք: Սա նաև կոռուպցիոն մեխանիզմի դեմ էր, սա պայքար էր կոռուպցիայի դեմ»,- ասել է Չոբանյանը: