Բացել լրահոսը Փակել լրահոսը
giphy (1)
A A
Հասարակություն

Իջեւանում բախումների հետեւանքով 11 ոստիկան հոսպիտալացվել է (տեսանյութ)

«Ա1+»-ի հետ հեռախոսազրույցում ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ գնդապետ Աշոտ Ահարոնյանն ասաց, որ այս պահին ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն Իջևանում է։ 

«Բանակցություններ են տարվում ցուցարարների հետ ճանապարհը բացելու համար», - նշեց նա։ Ահարոնյանը փոխանցմամբ՝ հոսպիտալացվել է 11 ոստիկան։

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արման Բաբաջանյանը և Սարգիս Ալեքսանյանն Իջևանում են։

«Ա1+»-ի հետ զրույցում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանն ասաց, որ բանակցությունների արդյունքում ճանապարհը բացված է, սակայն մեքենաների մեծ թվով կուտակումներ կան և ավելի վերևում խցանում է։

Նա ասաց, որ պատրաստվում են հիվանդանոց գնալ՝ վիրավորված ոստիկաններին այցելության։ «Այստեղ է նաև Սուրեն Պապիկյանը, Հատուկ ջոկատայիններ, որոնք որոշակի գործողություններ են իրականացնում», - նշեց պատգամավորը՝ հավելելով, որ աշխատանքներ են տարվում ցույցերը հնարավոր հրահրողներին ու կազմակերպիչներին գտնելու ուղղությամբ։ 

Պատգամավորի խոսքով՝ հավանաբար ինչ-որ անձինք փորձել են օգտագործել հարյուրավոր մարդկանց դժգոհությունը։ 

Հարցին, թե ինչպիսի՞ն է «Լուսավոր Հայաստան» խմբակցության դիրքորոշումն այս հարցում, նա պատասխանեց, որ անցյալ տարի նույնպես այսպիսի ակցիաներ եղել, և խմբակցությունը դեմ է արտահայտվել ծառահատմանը։ 

«Սակայն միևնույն ժամանակ իշխանությունները պետք է կարողանան այլընտրանքային լուծումներ առաջարկել այս մարդկանց, ովքեր տասնամյակներ շարունակ այս անտառների ծառահաֆումներով տուն պահել, հնարավորություն ստանան իրենց ընտանիքները պահել»։ 

Պատգամավորն կարծիքով՝ ծառահատման դեմ պայքարում այս միջոցներին որպես այլընտրանք դեռևս չկա։ 

Ցուցարարների մասով Բաբաջանյան ասաց, որ ըստ Մարդու իրավունքների պաշտպանի նրանցից կան բերման ենթարկվածներ։ 

Հիշեցնենք, որ ցուցարարները, որոնք, հիմնականում, փայտի գործով զբաղվողներն են, փակել են միջպետական ավտոճանապարհը։ Նրանք պահանջում են անտառահատման արգելքի վերացում և հանդիպում այն պաշտոնյայի հետ, որը արգելել է անտառից փայտ դուրս բերել։