Բացել լրահոսը Փակել լրահոսը
l-ZQwrY4Keyq
A A
Հասարակություն

Կաշառքի գործով կալանավորված դատավորի գործով հարցաքննվեցին վկաները

Այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում շարունակվեց Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախկին դատավոր Գագիկ Հեբոյանի և փաստաբան Վահագն Դանիելյանի գործով արտագնա դատական նիստը:

Հիշեցնենք, որ Գագիկ Հեբոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, զբաղեցնելով ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնը, հանդիսանալով դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատող և մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, Բենիկ Հարությունյանի օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություն կատարելու համար 2019 թվականի մարտի 6-ին նրանից անձամբ պահանջել և 2019թ.մարտի 27-ին ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Վահագն Դանիելյանի օժանդակությամբ ստացել է առանձնապես խոշոր չափերի կաշառք: Իսկ Վահագն Ռաֆիկի Դանիելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան, խոչընդոտներ վերացնելու և հանցավոր ճանապարհով ձեռք բերված միջոցները թաքցնելու եղանակով օժանդակել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Հեբոյանի կողմից առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալուն:

Այսօրվա նիստի ժամանակ հարցաքննվեցին գործով անցնող վկաները: Վկաների մեջ էին Եղվարդի դատարանի դատական կարգադրիչներ, նույն դատարանի աշխատակազմի աշխատակիցը, Վահագն Դանիելյանի  և Գագիկ Հեբոյանի օգնականները:

Առաջինը հարցաքննվեց Վահագն Դանիելյանի օգնական Լիլիթ Եղիազարյանը: Խոսելով դեպքի մասին՝ նա ասաց, որ մարտի 26-ին Բենիկ Հարությունյանը գնացել է իրենց գրասենյակ, հարցրել է Դանիելյանին, ինքն էլ այդ մասին տեղեկացրել է Դանիելյանին, վերջինս էլ պատասխանել է, որ գրասենյակում կլինի հաջորդ օրը և ճանապարհել է Հարությունյանին:

Մեղադրողի այն հարցին, որ ըստ իրականացված ներքւն դիտման՝ վկան Լիլիթ անունով փաստաբանի հետ հեռախոսազրույցում գումարի մասին խոսակցություն է ունեցել, վկան պատասխանեց, որ չի հիշում, բայց չբացառեց, որ գուցե պետտուրքի վճարումների հետ կապված  լինի: Գագիկ Հեբոյանի փաստաբան Արմեն Նադիրյանի հարցին, թե վկան մարտի 26-ին  Հեբոյանին իրենց գրասենյակում տեսե՞լ է, թե՞ ոչ, վկան ասաց, որ չի տեսել: Գագիկ Հեբոյանի օգնական Աշոտ Մարտիրոսյանը իր ցուցմունքում նշեց, որ Բենիկ Հարությունյանի գործով այս տարվա մարտի 4-ին կայացրել են վճիռ, իսկ մինչ այդ Բենիկի հայցը հետ են ուղարկել, քանի որ պետտուրքը պակաս է վճարել:  Հեբոյանի պաշտպան Արմեն Նադիրյանի հարցին, թե վկան նկատե՞լ է  արդյոք Բենիկի գործի վերաբերյալ Հեբոյանի կողմից շահագրգռվածություն, վկան ասաց, որ նման բան չի նկատել: Այն հարցին, թե քանի որ վեց տարի աշխատել է Գագիկ Հեբոյանի հետ, նա ընդունա՞կ է կաշառք վերցնել, վկան ասաց, որ նման բան բացառվում է: Վերջինս  նաև ասաց, որ Հեբոյանը Բենիկ Հարությունյանի հետ որևէ անգամ դատարանում առանձին հանդիպում չի ունեցել:

Նրանից հետո հարցաքննված մյուս վկաները նույնպես ասացին, որ երբևէ չեն տեսել, որ դատարանի տարածքում երբևէ  Գագիկ Հեբոյանը հանդիպած լինի Բենիկ Հարությունյանի հետ:

Դատարան հրավիրված Եղվարդի դատարանի վկա կարգադրիչները նշեցին, որ Գագիկ Հեբոյանը դատավոր աշխատած ժամանակ միշտ բարյացակամ վերաբերմունք է ունեցել դատարանի աշխատակազմի հետ, անգամ մասնակցել իրենց աշխատակիցների ծննդյան տոներին, որոնք նշվել են դատարանում: Իսկ Գագիկ Հեբոյանի և Վահագն Դանիելյանի հարաբերություները վկաները բնութագրել են բացառապես աշխատանքային և երբևե չեն նկատել, որ Գագիկ Հեբոյանը որևէ քաղաքացու ուղղորդի, որ դիմեն որևէ փաստաբանի:

Կարգադրիչ վկաներից Արսեն Սիմոնյանն էլ իր ցուցմունքում նշեց, որ մարտի 26ին դատարան է գնացել մի քաղաքացի՝ Բենիկ Հարությունյանը, որը ցանկանում է հանդիպել  Գագիկ Հեբոյանի հետ, ինքը այդ մասին տեղեկացրել է Հեբոյանին, վերջինս էլ ասել է, որ նրան ուղեկցի փաստաբան Լիլիթի մոտ, ինչը և ինքն արել է: Նշենք, որ դատարանի  տարածքում գործում է փաստաբանական գրասենակ, և խոսքը գնում է այդ գրասենյակի մասին: