Բացել լրահոսը Փակել լրահոսը
Լոռու մարզպետ
A A
Հասարակություն

Լոռու մարզպետը դժգոհ է որոշ համայնքապետերից, սակայն անուններ չի տալիս (տեսանյութ)

ՀՀ մարզպետները խորհրդարանում պատասխանել են լրագրողների հարցերին։

Լոռու մարզպետ  Անդրեյ Ղուկասյանի խոսքով՝ կան համայնքապետեր, որոնք դեռևս հին համակարգի կրողներ են, և նրանցից նոր տրամաբանությամբ աշխատանք սպասելն անիմաստ է։

«Այն համայնքապետերը, որոնք թույլ են տալիս օրենքի խախտումներ և չարաշահումներ, գործ են ունենում իրավապահ մարմինների հետ»,- շեշտեց նա՝ հավելելով, որ կան համայնքապետեր, որոնք աշխատում են նոր իրողություններին համահունչ։

Մարզպետի խոսքով՝ որևէ մեխանիզմ չկա, որով հնարավոր կլինի համայնքապետերին ազատել պաշտոնից. լուծումը պետք է լինի բնակիչների պահանջով։ Լրագրողի դիտարկմանը, թե ԱԺ «Իմ քայլը» պատգամավոր Վարազդատ Կարապետյանը օրինագիծ էր առաջարկել, ըստ որի՝ հնարավոր կլինի հանրաքվեի միջոցով պաշտոնանկ անել համայնքապետերին, Լոռու մարզպետն արձագանքեց. «Եթե լինի նման մեխանիզմ, շատ լավ կլինի»։

Հիմնական խնդիրը, որ առաջանում է, ըստ Ղուկասյանի, կապված է ներդրողների նկատմամբ համայնքապետերի վերաբերմունքի հետ՝ տարածքի տրամադրման, դրա նկարագրության և այլն։ «Կոնկրետ համայնքապետերի անուններ հիմա չեմ տա»,- նշեց նա։

Լրագրողի հարցադրմանը, թե այդ դեպքում ինչու պետք է նրան հավատան, պատասխանեց. «Կարող եք և չհավատալ»։ Նրա փոխանցմամբ՝ 2-3 համայնքապետի նկատմամբ քրեական գործ կա հարուցված։

 Ղուկասյանը անդրադարձավ Վանաձոր համայնքի մի շարք հողերի հարցին՝ նշելով, որ նախկին քաղաքապետին, նախկին մարզպետին, տեղակալներին, բարեկամներին հողեր են տրամադրվել։ «Օրինակ, մարզպետարանից 5 մետր հեռավորության վրա կա 2 հողակտոր. մեկը պատկանում է նախկին մարզպետի տեղակալին, մյուսը՝ նախկին քաղաքապետի որդուն»,- մանրամասնեց Լոռու մարզպետը՝ հավելելով, որ օտարման ոչ ենթակա տարածքները վերադարձնելու գործընթաց է սկսվել։

Տեսանյութը՝ News.am-ի