Բացել լրահոսը Փակել լրահոսը
geravetyan
A A
Հասարակություն

Գերակա շահ ճանաչված շենքը փորձել են հրկիզել (տեսանյութ)

Հրկիզման փորձ՝ Տերյան 25 շենքի բնակարաններից մեկի մուտքի մոտ: «SOS. Գերակա շահի անժամկետ պատանդներ», «Ո՛չ քանդելուն, այո՛ երեսպատելուն»  պաստառներով հայտնի շենքը, որը 2007թ. ճանաչվել է բացառիկ հանրային գերակա շահ,  փրկվել է այրվելուց: Դեպքը տեղի է ունեցել նախօրեին՝ առավոտյան ժամը 6։30-ի մոտ: Տանտերը՝ Արմեն Միքայելյանը, ժպիտով է նշում, որ եթե տան դուռը 80 տարվա  չլիներ, պատկերն այլ կլիներ:

«Կիսաքնած վիճակում էի, լսեցի ճարճատյուն, դուրս եկա, ննջասենյակը դռան կողքին է, դուրս եկա, տեսնեմ՝ ամբողջը բոցավառված է, բռնակն էլ այնքան տաք էր, կինս դուրս եկավ, գոռաց փողոցում, բարեբախտաբարլ մի հեծանվորդ էր անցնում, բարձրացավ վերեւ, նեքեւի հարեւանները ջուր տվեցին, այդ ընթացքում եկան նաեւ հրշեջները»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Տերյան 25 շենքի բնակիչ, տան սեփականատեր Արմեն Միքայելյանը:

Հրդեհի արդյունքում այրվել է մուտքի էլեկտրական մալուխը, որը սնուցում է նաեւ մյուս մուտքերն ու հարակից շենքերը: Էլեկտրաէներգիան ժամեր անց վերականգնվել է:  Տան սեփականատերն ու շենքի մյուս բնակիչներն այս ամենի մեջ միտումնավորություն են տեսնում:  

«Եթե մենք ուշադիր նայենք, ամենաշատ այրվածքը ամենաներքեւում ա, դռան շեմը, այսինքն՝ կրակը սկսվել է ներքեւից, եթե պատկերացնենք՝ ինքն իրեն առավոտ շուտ, ժամը վեցի կողմերը չէր կարող այրվել: Տեսեք՝ ամեն ինչ մտածված է արվել, այստեղից մինչեւ վերեւ շատ արագ կրակը կտարածվեր։ Հաշվի առնելով, որ տանիքը փայտյա է, ինքը շատ արագ բռնկվելու էր, այսինքն՝ ինքը արդեն բռնկվել էր, եւ ամբողջ տանիքը՝ սկսած Տերյան 19, Տերյան 23, 25, Լալայանց 37  եւ Հայ համերգի շենքերը այրվելու էին:  Ամենահետաքրքրական այն է, որ այդ ամեն ինչը եղավ Քոչարյանի դատից առաջ, քանի որ այս շենքերի իրացումը տրված է «Լոքալ Դեվելոփրս» ընկերությանը՝ ի դեմս Սամվել Մայրապետյանի։ Մենք շատ լավ գիտենք, որ Սամվել Մայրապետյանը Հյուսիսային պողոտայի իրացնողներից մեկն է»,-նշեց շենքի բնակիչներից Վարդան Գերավետյանը:

Դեպքի առթիվ տան սեփականատերն ու բնակիչները ոստիկանություն են դիմել. «Իրենք են ասել, որ սա ավելի շուտ հանցագործ գործողության հետեւանք է, քան կարճ միացում»:

Տերյան 25 շենքի բնակիչները խոստանում են, որ մեկ տասնամյակ տեւած պայքարը շարունակվելու է, եւ շենքը, որը Երեւանի պատմության մի մասն է, չի քանդվելու: