Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Պապերս յաթաղանից են փախել, երեխեքս էլ՝ Քոչարյանից. մարտի մեկի գործով տուժող. ՈՒՂԻՂ (տեսանյութ)

Այսօր ՀՀ վերաքննիչ դատարանում շարունակվեց մարտի մեկի գործով մեղադրյալներ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների քրեական գործի վարույթը կասեցնելու և այն ՍԴ ուղարկելու, ինչպես նաեւ  Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոփոխելու մասին դատարանի որոշումների դեմ բողոքների քննությունը:

Այսօրվա նիստին ներկայացել են ոչ միայն տուժողների իրավահաջորդները, այլև տուժողներ Անդրանիկ Հարությունյանն ու Սուրեն Գևորգյանը: Անդրանիկ Հարությունյանն իր խոսքում տեղեկացրեց, որ ինքը լավ չի լսում և ապրում է միայնակ:

«Ես չեմ լսում, հինգ տոկոսն եմ լսում։ Ուզում եմ, որ ինձ էս օրը քցողը, իմ ընտանիքը ոչնչացնողը ստանա արժանի պատիժ, ընտանիքիս մի մասը Հունաստան փախավ, մի մասը՝ Ռուսաստան: Ոճրագործը պետք է պատասխան տա: էսքան տարի ես իմ երկրում ստրուկ եմ ապրել: Ինչ ասեմ՝ էնքան մրմուռ կա հոգուս մեջ: Նա ոչնչացրեց իմ ընտանիքը: Ինձ, որ ջնջխված բերին, տուն քցեցին, կինս շաքար ստացավ վախից:

Կնոջս հիվանդության համար ութ տարի պայքարեցի, մահացավ, մնացի միայնակ, էս էր իմ իրավունքը պահանջելու վերջակետը: Մնացի միայնակ: Պետության գլխին նպաստառու եմ: Նույն բանսարկուներ մարտի մեկի, այստեղ են: Ուզում եմ, որ  Հայաստանում գտնենք մի արդարադատություն: Բայց հային Հայաստանում ոչնչացնե՞ն, ես իմ ազգի ամեն ինչին մասնակցել եմ, ինչի՞ գա, ինձ ոչնչացնի, ինչ էի արել իրան: Ես գնացել եմ, խաղաղություն եմ պահանջում, բայց ինձ քացու տակ են քցում, որ լսողությունս հիմա հինգ տոկոս է մնացել, ոտքերս են վնասվել, գաղտնի գնացել եմ, Սպիտակում եմ վիրահատվել, որ ինձ չգտնեն: Ոճիրը արդարացում չունի, ինչ ձև փաստաբան էլ լինի, ինչ ձևի էլ վճարվի:

«Պապերս յաթաղանից են փախել, իմ  երեխեքս էլ Քոչարյանից են փախել: Նրան արժանի պատիժ: Միանում եմ բողոքներին»,- ասաց Սուրեն Գևորգյանը:

Անդրանիկ Հարությունյանն էլ իր խոսքում պատմեց, որ 2008 թ. մարտի մեկին ինքը դպրոցական է եղել: «Կրակեցին, իմ աչքս չի տեսնում, էդ օրվանից պայքարել եմ ու պայքարելու եմ, որ մեղավորները պատասխան տան: Հիմա էդ նույն մարդիկ, որոնք մեր դեմ պայքարում էին, հիմա կանգնած ցույց են անում»,- ասաց Անդրանիկ Հարությունյանը։

Ավելի ուշ դատարանի դահլիճում վիճաբանություն սկսվեց երկու կողմի միջեւ, դատավորը բարկացավ ու ասաց, որ բոլորին դուրս կհրավիրի դահլիճից։